Իրանում հարսանեկան խնջույքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին

Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում, Իրաքում և Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին՝ Իրանի տարածքին ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո։

Իրանի Կարմիր մահիկի հաղորդմամբ՝ ԱՄՆ հրթիռային հարվածի բեկորները Սիրիկ քաղաքում հարվածել են մի տան, որտեղ հարսանեկան խնջույք էր ընթանում։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ավելի քան 50 մարդ վիրավորվել է։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ տեղյակ են Սիրիկի միջադեպի մասին և նշել, որ քաղաքացիական անձանց չեն թիրախավորում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան ամերիկյան հարվածների՝ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանի Աքաբա քաղաքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի ուղղությամբ։ Հորդանանի զինված ուժերի տվյալներով՝ արձակված 13 հրթիռներից 10-ը որսվել են, իսկ երեքն ընկել են հեռավոր շրջաններում։ Տուժածներ չկան։

Հրթիռային և ԱԹՍ-ների հարվածների մասին հաղորդվել է նաև Քուվեյթում, Բահրեյնում և Իրաքյան Քուրդիստանում գտնվող ամերիկյան թիրախների ուղղությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես զգուշացրել էր, որ Իրանի հակահարվածի դեպքում Միացյալ Նահանգները կհարվածի «շատ ավելի ուժեղ և ավելի բարձր մակարդակով»։

Leave a Comment