Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի օդային տարածքը դառնում է վտանգավոր ավիաընկերությունների համար և, ըստ նրա, փաստացի կփակվի։
Երեկոյան ուղերձում Զելենսկին զգուշացրել է Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող ավիաընկերություններին, ապահովագրական ընկերություններին և երկրի խոշոր օդանավակայաններից օգտվողներին։
«Այսօր մենք ուզում ենք զգուշացնել յուրաքանչյուր ավիաընկերության, որն օգտագործում է Ռուսաստանի օդային տարածքը, յուրաքանչյուր ապահովագրողի և բոլոր նրանց, ովքեր դեռևս օգտվում են Ռուսաստանի հիմնական օդանավակայաններից. Ռուսաստանի երկինքը դառնում է լիովին վտանգավոր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին միաժամանակ պնդել է, որ Ուկրաինան սպառնալիք չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի կամ քաղաքացիական ինքնաթիռների համար։
«Անօդաչու թռչող սարքերը պարզապես թռչելու են Ռուսաստանի երկնքում, և դա պետք է հաշվի առնել։ Չնայած Ռուսաստանի իշխանությունները բավարար չափով չեն հաղորդում այս մասին, Ռուսաստանի երկինքը փաստացի կփակվի։ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը փակում է նրա երկինքը»,- հայտարարել է նա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով Զելենսկու խոսքերը, հայտարարել է, որ նման հայտարարությունները, եթե իսկապես հնչել են, «պետական ահաբեկչության կիրառում» են։
«Ես նման հայտարարություններ չեմ լսել, բայց եթե դրանք բարձրաձայն ասվում են, ապա դա պարզապես պետական ահաբեկչության կիրառում է։ Եվ ես կցանկանայի նշել, որ նրանք մեզ խնդրում են վերսկսել բանակցությունները, խնդրում են անձնական հանդիպումներ։ Մենք ահաբեկիչների հետ չենք բանակցում»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև զգուշացրել է հնարավոր հետևանքների մասին՝ նշելով, որ եթե Ռուսաստանի օդային տարածքում քաղաքացիական ինքնաթիռների մասնակցությամբ ողբերգական միջադեպեր տեղի ունենան, Մոսկվան «կգտնի դրան արձագանքելու միջոց»։