Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է փոփոխել պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրման կարգը՝ համապատասխան որոշումների ընդունման գործընթացը պարզեցնելու և վարչարարական բեռը նվազեցնելու նպատակով։
Ի՞նչ խնդիր է լուծվում
Գործող կարգավորմամբ պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին կառավարության որոշման նախագծում պետք է ներառվեն գույքի վերաբերյալ մի շարք տվյալներ, այդ թվում՝
- գույքի գտնվելու վայրը,
- մակերեսը,
- շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը,
- իսկ դրա որոշման անհնարինության դեպքում՝ գույքի սկզբնական արժեքը,
- ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս տվյալների մի մասը փաստացի և տեխնիկական բնույթ ունի և կարող է փոփոխվել կամ ճշգրտվել ինչպես որոշման նախագծի մշակման ընթացքում, այնպես էլ որոշումն ընդունելուց հետո։
Արդյունքում, նույնիսկ տեխնիկական վրիպակի կամ տվյալների անճշտության դեպքում կարող է անհրաժեշտություն առաջանալ մշակել կառավարության նոր որոշման նախագիծ, այն կրկին համաձայնեցնել, շրջանառել և ներկայացնել կառավարության ընդունմանը։
Ի՞նչ է առաջարկվում փոխել
Առաջարկվում է կառավարության որոշման տեքստում պահպանել միայն պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրման էական իրավական պայմանները։
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը պետք է ներառի՝
- տրամադրվող գույքի գտնվելու վայրը կամ հասցեն,
- անհատույց օգտագործողի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։
Միաժամանակ, գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ելակետային տվյալների թվում նախատեսվում է ունենալ՝
- անհատույց օգտագործողի վերաբերյալ տվյալներ,
- տրամադրվող գույքի հասցեի և մակերեսի վերաբերյալ տեղեկատվություն,
- անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ տվյալներ,
- որոշակի սուբյեկտների դեպքում՝ գույքի գնահատված շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ գնահատման հաշվետվության,
- անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրությամբ կամ կարգով նախատեսված այլ տեղեկություններ։
Այսինքն՝ որոշ տվյալներ կօգտագործվեն որպես կառավարության որոշման նախագիծը մշակելու համար անհրաժեշտ հիմք, սակայն պարտադիր չեն ներառվի հենց կառավարության որոշման տեքստում։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է՝
- նվազեցնել վարչարարական բեռը,
- պարզեցնել պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու գործընթացը,
- խուսափել տեխնիկական կամ փաստացի տվյալների փոփոխության պատճառով կառավարության նոր որոշումներ ընդունելու անհրաժեշտությունից,
- կրճատել իրավական ակտերի մշակման և համաձայնեցման ընթացակարգերը,
- արագացնել գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը,
- բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը։
Առաջարկվող փոփոխությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։
Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։