ԱՄՆ զինված ուժերը երեքշաբթի Իրանի դեմ իրականացված լայնածավալ գործողության ընթացքում հարվածել են իրանական երկու կառավարական նավթատարի։ Axios-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ուժերը իրանական նավթատարեր են թիրախավորում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի դեմ Իրանի հարձակումների, այլ ոչ թե ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման խախտումը կանխելու նպատակով։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ գործողությունը նախագահ Դոնալդ Թրամփի հաստատած «նավթատար՝ նավթատարի դիմաց» նոր քաղաքականության մաս է, որի նպատակն է զսպել Հորմուզի նեղուցով անցնող նավթատարի նկատմամբ իրանական հետագա հարձակումները։
Իրանական կառավարական երկու նավթատարերը խարսխված են եղել Իրանի ափերի մոտ՝ ամերիկյան ծովային շրջափակման գծից հյուսիս։ Axios-ի աղբյուրների համաձայն՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքերից արձակված հրթիռները հարվածել են նավերի շարժիչային հատվածներին։
ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ երեքշաբթի իրականացված գործողության ընթացքում ընդհանուր առմամբ թիրախավորվել է մոտ 100 օբյեկտ։ Դրանց թվում են եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության և ռադարային համակարգերը, ականապատման կարողությունները, կապի օբյեկտները, հականավային թևավոր հրթիռների և հարվածային ԱԹՍ-ների արձակման կայանները։
Իրանը, իր հերթին, պատասխան հարվածներ է իրականացրել տարածաշրջանում ամերիկյան ուժերի և բազաների ուղղությամբ։ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իրանը մոտ 25 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 13-ը մտել են Հորդանանի օդային տարածք։ Հորդանանի հակաօդային պաշտպանության համակարգերը դրանցից 10-ը խոցել են, իսկ երեքն ընկել են հեռավոր շրջաններում։ Զոհերի մասին չի հաղորդվել։
Իրանական ուժերը ԱԹՍ-ներ են արձակել նաև Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ, ինչպես նաև հրթիռներով և ԱԹՍ-ներով թիրախավորել են Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Հարվածների է ենթարկվել նաև Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում գտնվող ամերիկյան բազան։
Միաժամանակ ամերիկյան ուժերը շարունակել են առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկի տվյալներով՝ երեքշաբթի շուրջ 40 նավ է անցել նեղուցով՝ տեղափոխելով միլիոնավոր բարել նավթ։ Ամերիկյան ուժերը նաև խոցել են նավերի ուղղությամբ արձակված հականավային թևավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ գործողությունները պատասխան են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ ԻՀՊԿ-ի վերջին հարձակումների փորձերին։
ԱՄՆ պաշտոնյաների գնահատմամբ՝ վերջին հարվածները զգալիորեն թուլացրել են նեղուցում Իրանի հարձակողական հնարավորությունները և կարող են առնվազն մեկ ամսով նվազեցնել առևտրային նավերի համար սպառնալիքի մակարդակը։