
Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են սկսել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների և դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Իրանի գործողությունները հաջորդում են ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) իրականացրած օդային հարվածներին: Ամերիկյան ուժերը ռմբակոծել էին Իրանի հարավային ափամերձ շրջանները, այդ թվում՝ Քեշմ կղզին և մի քանի ծովափնյա քաղաքներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ՝ հայտարարելով, որ ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների դեպքում Իրանը կենթարկվի «շատ ավելի հզոր ու բարձր մակարդակի» պատասխան հարվածի:
«Եթե Իրանի ձախողված պետությունը պատասխան հարված հասցնի այս լիովին արդարացված հարձակմանը, այն կրկին կենթարկվի շատ ավելի ուժգին և բարձր մակարդակի հարվածների, բայց դա դեռ չի լինի ամենամեծ հարձակումը. այն պատրաստ սպասում է իր ժամին, և երբ այն ավարտվի, շատ քիչ բան կմնա Իրանի Իսլամական Հանրապետությունից»,-գրել է Թրամփը սոցիալական ցանցում։
Իրանի գլխավոր շտաբը զգուշացրել է Մերձավոր Արևելքի հարևան երկրներին, որ իրենց տարածքը կամ օդային տարածքը Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ին տրամադրելու դեպքում նրանք նույնպես կդառնան պատասխան հարվածների թիրախ: