Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ տարակարծիք էին Եվրամիությանն անդամակցելու Երևանի ձգտման և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության համար հնարավոր հետևանքների հարցում։
Պուտինը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը փաստացի նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն, իսկ Փաշինյանը չի համաձայնել նման մեկնաբանության հետ։
Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումն անվանել է երկրի «բնական և օրինական իրավունքը», սակայն հայտարարել է, որ երկու ինտեգրացիոն միավորումներին միաժամանակ անդամակցելն անհամատեղելի է։
«Որքան արագ մենք կողմնորոշվենք, այնքան լավ, որովհետև մենք նույնպես պետք է հասկանանք, թե ինչպես զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական առումով»,- ասել է Պուտինը։
Նա իր դիրքորոշումը բացատրել է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում կարգավորումների, տեխնիկական չափորոշիչների և գյուղատնտեսական արտադրանքին ներկայացվող պահանջների տարբերություններով։ Նրա խոսքով՝ Եվրամիության հետ Հայաստանի հետագա ինտեգրման դեպքում, ի թիվս այլ հարցերի, կառաջանա Հայաստանի միջոցով եվրոպական ապրանքների և ծառայությունների՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հարցը։
Փաշինյանն ի պատասխան հայտարարել է, որ 2025 թվականին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը չի խախտում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի նկատմամբ երկրի ստանձնած պարտավորությունները։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները վերլուծել են պայմանագրային բազան և նման հակասություններ չեն հայտնաբերել։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին չի տեղեկացրել գործընկերներին։
«Մենք այս պահին մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Կարծում եմ՝ մենք պետք է այս փաստի վրա հիմնվենք»,- հայտարարել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ ապագայում Հայաստանը կարող է կանգնել երկու ինտեգրացիոն ուղղությունների միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ, սակայն, նրա գնահատմամբ, այդ պահը դեռ չի հասունացել։
«Մենք հասկանում ենք, որ կգա ժամանակ, երբ պետք է շատ կոնկրետ ընտրություն կատարել։ Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին դրա ժամանակը դեռ չի հասունացել»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը բացատրել է ձևավորվող բազմաբևեռ աշխարհում Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծելու ձգտմամբ։ Նրա խոսքով՝ այդ գործընթացն ուղղված չէ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի դեմ, իսկ Մոսկվայի հետ հարաբերությունները շարունակում են կարևոր նշանակություն ունենալ Երևանի համար։
Պուտինը չի համաձայնել Փաշինյանի փաստարկների հետ։
«Գլխավոր հարցում, այնուամենայնիվ, թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ։ Դուք ասացիք, որ դուրս գալու մասին չեք հայտարարել։ Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն, որովհետև և՛ այնտեղ, և՛ այստեղ գտնվելն անհամատեղելի է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նա առաջարկել է հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին։ «Ամենապարզը մարդկանց դիմելն ու հարցնելն է՝ ի՞նչ եք ուզում՝ այսպե՞ս, թե՞ այնպես։ Եվ վերջ»,- ասել է Պուտինը։
Փաշինյանն իր հերթին պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ խորհրդարանը փաստացի հնարավորություն է տվել այս փուլում հրաժարվել հանրաքվե անցկացնելուց։ Նրա խոսքով՝ հարցը դեռ չի հասունացել այն աստիճանի, որ այն դրվի հանրաքվեի։ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ԵԱՏՄ-ին անդամակցության իրական այլընտրանք ստեղծվի, Հայաստանը ընտրություն կկատարի՝ «հանրաքվեի միջոցով կամ առանց դրա»։
Հանդիպման ընթացքում Պուտինը նաև ընդգծել է երկու երկրների տնտեսական կապերի նշանակությունը։ Նրա տվյալներով՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության ավելի քան տասը տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ, իսկ արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ տասն անգամ։ Ներկայում ԵԱՏՄ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36%-ը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է 2,5 մլրդ դոլար։
Փաշինյանը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Երևանի շահագրգռվածությունը։ Նա նշել է, որ ռուսական բազմաթիվ ընկերություններ հաջողությամբ գործունեություն են ծավալում Հայաստանում և հարկեր են վճարում, սակայն ուշադրություն է հրավիրել նաև այն ընկերությունների վրա, որոնք շահութաբեր չեն և չեն զարգանում։ Նրա խոսքով՝ դա խնդիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար և նույնպես քննարկման կարիք ունի։
Հանդիպման հրապարակային հատվածից հետո Պուտինն ու Փաշինյանը բանակցությունները շարունակել են փակ ձևաչափով։
