Հայաստանի անկախության հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 326 մլն 969.8 հազար դրամ։ Միջոցառումներ կանցկացվեն Երևանում և մարզերում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի 37-րդ և 42-րդ կետերի դրույթներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտությունից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2026 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը՝ ազգային նշանակության կարևորագույն տարեդարձներից մեկը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ինքնիշխանության, պետականության և անկախ ապրելու կամքի հաստատումը։
Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ 2026 թվականի սեպտեմբերի ամսին նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված միջոցառումների շարք։
Միջոցառումների նպատակն է պատշաճ կերպով արժևորել և հանրայնացնել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյա ճանապարհը, ընդգծել անկախ պետականության ձեռքբերումների կարևորությունը և հանրությանը ներկայացնել մշակութային բարձրարժեք միջոցառումներ։
Այս նպատակով «Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն», «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ», «Հայաստանի էստրադային ջազ նվագախումբ» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում նախատեսվում է իրականացնել մի շարք մշակութային և համերգային միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյա հոբելյանին։
Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումների իրականացումը նպատակ ունի արժևորելու Հայաստանի Հանրապետության անկախության և պետականության պատմական նշանակությունը, նպաստելու մատաղ սերնդի և հասարակության հայրենասիրական ու քաղաքացիական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության և միասնականության ամրապնդմանը, ինչպես նաև հայրենիքի նկատմամբ պատասխանատվության զգացման ձևավորմանն ու ամրապնդմանը։
Միջոցառումների շրջանակում նախատեսվում է անդրադառնալ Հայաստանի անկախության ձեռքբերման պատմական նշանակությանը, անկախ Հայաստանի Հանրապետության անցած 35-ամյա ուղուն, արձանագրված ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ընդգծել պետականության պահպանման, ամրապնդման և հետագա զարգացման կարևորությունը։
Վերոնշյալ նպատակների իրագործման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը կնպաստի հոբելյանական միջոցառումների ամբողջական, պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպմանն ու իրականացմանը, այդ թվում՝
- «Անկախության օրը Կապանում» խորագրով համերգիկազմակերպմանը, որին կմասնակցեն «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» երաժշտական խմբերը։ Միջոցառմանը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 19-ին Կապանում՝ շուրջ 10 000-12 000 հանդիսատեսի ներկայությամբ (81,672.0 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ),
- «Սիմֆոնիկ Ռոք» համերգ Վանաձորում»նախագծի իրականացմանը, որին կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի սեպտեմբերի 18-ին Վանաձորում՝ շուրջ 4000-5000 հանդիսատեսի ներկայությամբ (95,430.7 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ),
- «Անկախության սիմֆոնիա»՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակիննախագծի իրականացմանը, որը նախատեսվում է անցկացնել ՀՀ Գյումրի քաղաքում՝ շուրջ 7 000 հանդիսատեսի ներկայությամբ (83,922.6 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ),
- «Անկախության ռիթմը Իջևանում»՝ համերգիիրականացմանը, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքի կենտրոնական (Շատրվանների) հրապարակում՝ շուրջ 3 000 հանդիսատեսի ներկայությամբ (34,491.0 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ),
- «Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված բացօթյա տոնական համերգ Հանրապետության հրապարակում»՝նախագծի իրականացմանը, որը բաղկացած կլինի երկու հիմնական մասից՝ պատմամշակութային ներկայացումից և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին նվիրված համերգային ծրագրից։ Պատմամշակութային ներկայացման հիմքում դրված է «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվների վրա հիմնված կոնցեպտը։ Համերգային ծրագրում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ճանաչված և սիրված արտիստների, երաժշտական խմբերի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությունը, այդ թվում՝ Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությամբ։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակում 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ շուրջ 40 000 հանդիսատեսի ներկայությամբ (1,031,453,5 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ):
Նշված միջոցառումների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի պատշաճ և հանրային լայն ընդգրկմամբ նշմանը, մշակութային կյանքի աշխուժացմանը Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչպես նաև անկախության և պետականության արժեքների հանրայնացմանն ու դրանց նկատմամբ հասարակության, հատկապես երիտասարդության, հետաքրքրության և պատասխանատվության բարձրացմանը։
Վերոնշյալ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ է լրացուցիչ գումարի հատկացում՝ 1,326,969.8 հազար դրամի չափով (ներառյալ ԱԱՀ):
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ, ամբողջական և բարձր մակարդակով կազմակերպմանն ու իրականացմանը, ինչպես նաև ազգային արժեքների, պատմամշակութային ժառանգության և պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը։
Միջոցառումների իրականացումը կնպաստի երիտասարդների շրջանում պետականության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, քաղաքացիական գիտակցության և հայրենասիրական արժեհամակարգի ամրապնդմանը, ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, սերունդների միջև պատմական հիշողության փոխանցմանը, ազգային համախմբվածության ամրապնդմանը, ինչպես նաև անկախ Հայաստանի ապագայի նկատմամբ պատասխանատու և կառուցողական վերաբերմունքի ձևավորմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումների շահառուների թվում կլինեն նաև սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ, որոնց համար մշակութային և հանրային միջոցառումներին մասնակցությունը կնպաստի մշակութային կյանքում ներառականության ապահովմանը և հասարակական ներգրավվածության ընդլայնմանը։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն
Միջոցառումը կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
Նախատեսվող 1,326,969.8 հազար դրամն առաջարկվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն
7.1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
7.2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Մշակույթ բաժնի 33 կետին՝ Հայ մշակույթի հանրահռչակում, հանրային լայն մասնակցության ապահովում մշակութային կյանքին:
9.Այլ տեղեկություններ.
Չկան: