«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը Գիտելիքի օրվա առթիվ ուղերձում հայտարարել է, որ ուժեղ Հայաստանում ոչ մի դպրոց չպետք է փակվի, իսկ գյուղի և քաղաքի յուրաքանչյուր երեխա պետք է ունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն։
«Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու, որտեղ գյուղի և քաղաքի յուրաքանչյուր երեխա կունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն, և որտեղ ոչ մի երիտասարդ ստիպված չի լինի լքել բուհը՝ ուսման վարձը վճարելու ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ուժեղ Հայաստանի հիմքում արժանապատիվ դպրոցներն ու կրթված, ինքնավստահ և սեփական ապագայի նկատմամբ վստահ սերունդն են։
«Ուժեղ երկիրն սկսվում է դպրոցից։ Ուժեղ դպրոցից ծնվում է ուժեղ սերունդ, իսկ ուժեղ սերունդն է կառուցում ուժեղ Հայաստան»,- ընդգծել է գործարարը։
Կարապետյանը շնորհավորել է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղ, անհոգ, հաջողություններով և նոր գիտելիքներով լի ուսումնական տարի։
Նա շնորհավորել է նաև ուսուցիչներին, դասախոսներին, մանկավարժներին և կրթության ոլորտի մյուս ներկայացուցիչներին՝ ընդգծելով նրանց դերը գիտելիք ունեցող, արժանապատիվ, պատասխանատու և ուժեղ քաղաքացիների ձևավորման գործում։
Կարապետյանը կալանավորվել էր 2025-ի հունիսին՝ Հայ Առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց և իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Ներկայում Կարապետյանը տնային կալանքի տակ է։
