Իրանի պատերազմի ֆոնին Պենտագոնի 5 ղեկավար է հեռացել – armeniatoday.am

ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դեն Դրիսկոլը հրաժարականի դիմում է ներկայացրել Սպիտակ տանը՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ ամիսներ շարունակված տարաձայնություններից հետո, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պաշտոնանկությունները սկսվել են Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո։ ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանց մի մասը կապված է ԱՄՆ բանակի բարեփոխումների շուրջ տարաձայնությունների հետ։ Որպես հիմնական պատճառ նշվում են Հեգսեթի և բանակի ղեկավարության մի շարք ներկայացուցիչների միջև հակասությունները։

Դրիսկոլը բանակի քաղաքացիական ղեկավարն է և պատասխանատու է զինծառայողների պատրաստության ու զինման համար։ Reuters-ի աղբյուրի խոսքով՝ նա դժգոհություն էր հայտնել բանակի վերափոխման և մարտական պատրաստության ծրագրերի շուրջ, մասնավորապես՝ այդ գործընթացների համար պատասխանատու գեներալների պաշտոնանկությունների կապակցությամբ։ Սպիտակ տունը դեռ չէր հայտնել՝ ընդունվել է արդյոք նրա հրաժարականը։

Ապրիլի 2-ին Հեգսեթը պաշտոնից հեռացրել էր ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջին։ Նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին ավելի քան մեկ տարի էր մնացել։ Պենտագոնը հայտարարել էր, որ Ջորջն անմիջապես թոշակի է անցնելու։ Reuters-ը նշել էր, որ պատերազմի ընթացքում զինված ուժերի առանձին տեսակի ղեկավարի հեռացումը հազվադեպ դեպք է։

Նույն որոշմամբ Հեգսեթը հեռացրել էր նաև ԱՄՆ բանակի վերափոխման և ուսուցման հրամանատարության ղեկավար, գեներալ Դևիդ Հոդնին։ Նրա ղեկավարած կառույցը զբաղվում էր բանակի արդիականացմամբ, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ և զինծառայողների պատրաստության համակարգի փոփոխությամբ։

Պաշտոնից ազատվել էր նաև ԱՄՆ բանակի հոգևոր ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Ուիլյամ Գրինը։ Պենտագոնը Ջորջի, Հոդնի և Գրինի պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ մանրամասներ չէր հրապարակել։

Հուլիսի 2-ին պաշտոնը հանձնել էր Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն, որը միաժամանակ ղեկավարում էր Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերը։ 

Այսպիսով՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո ԱՄՆ բանակի ղեկավար կազմից հեռացել են մեկ քաղաքացիական ղեկավար և չորս բարձրաստիճան զինվորականներ։ Նրանցից երեքին պաշտոնից հեռացրել են, Դրիսկոլը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Դոնահյուն պաշտոնը հանձնել է։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողությունները սկսել էին փետրվարի 28-ին։ Ի պատասխան՝ Թեհրանը հրթիռակոծել էր Իսրայելը և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտները։

Օգոստոսի վերջին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել են ուղիղ հարվածների փոխանակումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է շարունակել ռազմական գործողությունները, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն կպատասխանի ցանկացած ագրեսիայի։

Leave a Comment