Անկարայի լիբանանյան նախաձեռնությունը․ ո՞վ է խաղի իրական մրցավարը

Անկարայի լիբանանյան նախաձեռնությունը․ ո՞վ է խաղի իրական մրցավարը


— Լիբանանյան թղթապանակում Անկարայի միջնորդության հիմնական ուղղությունները կարծես արդեն ուրվագծվում են։ Ի՞նչ է առաջարկում Թուրքիան։


— Վերջին հրապարակումներից կարելի է ենթադրել, որ Անկարան փորձում է Լիբանանի ճգնաժամի համար ներկայացնել կոնկրետ լուծման նախագիծ։ Ըստ այդ տեղեկությունների՝ առաջարկվում է «Հըզբոլլահ»-ի ծանր զինատեսակները, Թուրքիայի և Իրանի վերահսկողությամբ, տեղափոխել Իրան։ Գործընթացը պետք է իրականացվի ամերիկյան և միջազգային երաշխիքների ներքո։Դրա դիմաց Իսրայելը պետք է դուրս բերի իր ուժերը Լիբանանի ամբողջ տարածքից։


Սակայն այստեղ կարևոր է զգուշանալ հրապարակված տեղեկությունները բանակցությունների վերջնական օրակարգի հետ նույնացնելուց։ Մենք դեռ չենք կարող ասել, որ հենց այս բանաձևի շուրջ են ընթանում հիմնական բանակցությունները։ Բայց ակնհայտ է, որ Անկարան փորձում է իրեն ներկայացնել որպես շոշափելի լուծման ծրագիր առաջարկող միջնորդ։


— Իսկ Բեյրութի դիրքորոշումն այս գործընթացում որքանո՞վ է որոշիչ։


— Պաշտոնական Բեյրութի դիրքորոշումը կարևոր է, բայց բավարար չէ։ Որովհետև հարցի առանցքը միայն պետական մակարդակի որոշումը չէ։ Եթե խոսքը «Հըզբոլլահ»-ի զինված ներուժի մասին է, ապա վերջնական համաձայնության համար անհրաժեշտ է նաև հենց «Հըզբոլլահ»-ի համաձայնությունը, իսկ ավելի լայն առումով՝ Իրանի համաձայնությունը։


Այսինքն՝ Լիբանանի թղթապանակում բանակցային սեղանը շատ ավելի մեծ է, քան միայն Բեյրութը։


— ԱՄՆ-ն ու Իսրայելը, կարծես, դրական վերաբերմունք չունեն թուրքական առաջարկին։ Սա Անկարայի նախաձեռնության համար լուրջ խոչընդոտ չէ՞։


— Այստեղ ևս պետք չէ ամեն ինչ սև ու սպիտակ տեսնել։ Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնություններ կան, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանց շահերը բոլոր հարցերում հակադիր են։


ԱՄՆ-ը փորձում է միաժամանակ կառավարել մի քանի ճակատ։ Իսրայելն իր հերթին ձգտելու է առավելագույն երաշխիքներ ստանալ և, բնականաբար, հնարավորինս երկար պահպանել իր գործողությունների ազատությունը Լիբանանի ուղղությամբ։


Բացի այդ, Անկարայի և Իսրայելի շահերը տարածաշրջանի մի շարք հարցերում ակնհայտորեն բախվում են։ Իրանական ազդեցությունը թուրքական ազդեցությամբ փոխարինելը Իսրայելի համար ինքնաբերաբար շահեկան լուծում չէ։


Վերջին ամիսների հրապարակումներն էլ ցույց են տալիս, որ Իսրայելում աճում է զգուշությունը Թուրքիայի տարածաշրջանային դերակատարության նկատմամբ։ 


— Այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիան այդքան ակտիվանում Լիբանանի ուղղությամբ։


— Որովհետև Անկարան փորձում է դառնալ այն պետությունը, որը կարող է միաժամանակ խոսել տարբեր կողմերի հետ։ Թուրքիայի նախաձեռնությունը, ըստ հրապարակված տեղեկությունների, չի սահմանափակվում միայն Լիբանանով․ այն ներառում է նաև Սիրիան, Գազան և Արևմտյան ափը։ Անկարան փորձում է մի կողմից սահմանափակել իրանական ազդեցությունը, մյուս կողմից՝ հակազդել Իսրայելի տարածաշրջանային ծրագրերին։ Այս իմաստով Լիբանանը դառնում է ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության կարևոր օղակ։


— Դամասկոսն այստեղ ի՞նչ դեր ունի։


— Շատ կարևոր դեր։ Եթե իսկապես քննարկվի «Հըզբոլլահ»-ի թղթապանակը Դամասկոս տեղափոխելու կամ այնտեղով կարգավորելու տարբերակը, ապա այդ հանգամանքը պետք է դիտարկել ոչ միայն որպես սիրիական ուղղության ներգրավում։


Դամասկոսի միջոցով հարցը կարող է աստիճանաբար տեղափոխվել թուրքական ազդեցության գոտի։ Այսինքն՝ «Դամասկոսին հանձնելը» որոշ առումով կարող է նշանակել նաև Անկարայի ազդեցության ներքո տեղափոխել։


Հենց այս համատեքստում ուշագրավ են Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլալ Էրդողանի և Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի՝ Բեյրութ այցելությունների սպասումները։ 


— Իսկ Հունաստանի գործոնը ինչպե՞ս է տեղավորվում այս ամբողջ պատկերի մեջ։


— Սա շատ հետաքրքիր զուգահեռ է։


Այս օրերին Հունաստան-Իսրայել ռազմական համագործակցությունը մտնում է նոր փուլ։ Հրապարակումների համաձայն՝ Աթենքն ու Թել Ավիվը նախատեսում են շուրջ 3,1 միլիարդ եվրո արժողությամբ ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի շուրջ գործարք։ Այն նախատեսում է իսրայելական և ամերիկյան տարբեր համակարգերի համադրում։


Այս քայլը պետք է դիտարկել ոչ միայն որպես Հունաստանի և Իսրայելի երկկողմ ռազմական համագործակցություն։ Այն նաև արտացոլում է Թուրքիայի նկատմամբ Աթենքի անվտանգության հաշվարկները։


Միաժամանակ Հունաստանի և Լիբանանի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը ևս պատահական չէ։


— Այսինքն՝ Հունաստանի դերը Լիբանանի հարցում նույնպես կարող է դառնալ կարևոր։


— Այո՛։ Եթե Լիբանանին տրամադրվող միջոցները նախատեսված են ոչ թե հարձակողական գործողությունների, այլ զինամթերքի և ուժերի անվտանգ տեղափոխման համար, ապա այստեղ արդեն կարող ենք տեսնել լիբանանյան բանակի հնարավոր վերատեղակայման տրամաբանությունը։


Իսկ լիբանանյան բանակի վերատեղակայումը կապված է հարավում պետական վերահսկողության ամրապնդման և զինված կառույցների դերակատարության սահմանափակման ավելի լայն գործընթացի հետ։


Այս ամենը համընկնում է այն քաղաքական գծի հետ, որը Վաշինգտոնը հրապարակայնորեն առաջ է մղում՝ Իսրայելի դուրսբերում Լիբանանի տարածքից՝ պայմանով, որ դիմադրության ուժերը զինաթափվեն և ռազմական ենթակառուցվածքները կազմաքանդվեն։


— Ստացվում է՝ ԱՄՆ-ը միաժամանակ Թուրքիային միջնորդի դեր է տալիս, իսկ Հունաստանին զինում է Իսրայելի միջոցով։ Սա հակասություն չէ՞։


— Ոչ անպայման։ Այստեղ պետք է տարբերել մրցավարի և խաղացողների դերերը։


Խաղատախտակի վրա կան Թուրքիան, Իսրայելը, Հունաստանը, Իրանը, Սիրիան, Լիբանանը և այլ դերակատարներ։ Նրանցից յուրաքանչյուրը ունի սեփական շահը։


Վաշինգտոնը կարող է միաժամանակ թույլ տալ, որ Թուրքիան ստանձնի որոշակի միջնորդական դեր Լիբանանի հարցում, և աջակցել Հունաստան-Իսրայել պաշտպանական համագործակցությանը։


Այսինքն՝ քաղաքական խաղը կարող է ընթանալ տարբեր խաղացողների մասնակցությամբ, բայց մեկ մրցավարի պայմաններում։


— Իսկ Լիբանանի համար սա ի՞նչ է նշանակում։


— Բեյրութը ստիպված է լինելու հարաբերություններ պահպանել բոլոր այն պետությունների հետ, որոնք ներգրավված են այս գործընթացում, և միաժամանակ համաձայնություններ ձեռք բերել նրանց հետ։


Հետևաբար Լիբանանի նախագահի՝ նախ Թուրքիա, իսկ այժմ՝ Աթենք կատարած այցելությունները պետք է դիտարկել հենց այս լայն համատեքստում։


Դրանք պարզապես դիվանագիտական այցեր չեն։ Դրանք ցույց են տալիս, որ Լիբանանը փորձում է տեղավորվել ձևավորվող նոր տարածաշրջանային դասավորության մեջ։


— Վերջնական հաշվով ո՞րն է գլխավոր հարցը։


— Գլխավոր հարցը միայն «Հըզբոլլահ»-ի զինաթափումը չէ։ Ավելի խորքային հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու այն տարածքը, քաղաքական և անվտանգային համակարգը, որը ձևավորվելու է այդ զինաթափումից հետո։


Եթե իրանական ազդեցությունը նվազում է, ապա անմիջապես առաջանում է մեկ այլ հարց՝ ո՞ւմ ազդեցությունն է այն փոխարինելու։


Անկարան հենց այստեղ է փորձում առաջ մղվել։


Ուստի Լիբանանի թղթապանակում ընթացող գործընթացը պետք է դիտարկել ոչ միայն որպես զինաթափման կամ իսրայելական զորքերի դուրսբերման խնդիր։ Այն նաև տարածաշրջանային ազդեցության վերաբաշխման պայքար է։


Եվ այդ պայքարում կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ովքեր են խաղացողները, այլև՝ ով է պահում սուլիչը։




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment