
Բիշքեկում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը: Նրանք անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Սթիվ Դեյնզը կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով:
Սենատոր Դեյնզը հուլիսի 7-9-ը այցելել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և տնտեսական ու արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նա այցել էր նաև Ղազախստան և Թուրքմենստան, հանդիպել երկրների նախագահների հետ:
«Դեյնսի շրջայցը տեսանելի խթան հաղորդեց Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը կապելու ուղղությամբ ձևավորվող ԱՄՆ ռազմավարությանը՝ համահունչ Թրամփի վարչակազմի՝ առևտրային հիմքի վրա կառուցված գործընկերություններին տրվող շեշտադրմանը», – ասված է սենատորի պաշտոնական կյաքէջում տեղադրված հայտարարությունում: