Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի կողմից վարքագծի կանոնների խախտում չի եղել։ Եզրակացությունը կայացվել է 2026 թվականի օգոստոսի 18-ին։ Iravaban.net-ը տեղեկանում է ԿԿՀ-ից։
Վարույթը Հանձնաժողովը հարուցել էր 2026 թվականի հունիսի 5-ին՝ քաղաքացի Գոռ Ալեքսանյանի դիմումի հիման վրա։ Դիմումը վերաբերում էր մայիսի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմում կայացած Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի ընթացքում Լենա Նանուշյանի կողմից հնչեցված «Չէ բայց, օդի մեջ խոսալով հո չի՞, պարոն Գրիգորյան» արտահայտությանը։
Դիմումատուն նշել էր, որ արտահայտությունն ուղղված էր իր՝ նախագծերի վերաբերյալ ներկայացրած մասնագիտական դիրքորոշմանը և համարել էր, որ այն ոչ կոռեկտ է, արժեզրկում է իր մասնագիտական դիրքորոշումը և խախտում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։
Հանձնաժողովում Լենա Նանուշյանը պարզաբանել էր, որ արտահայտությունը եղել է փոխաբերական իմաստով, դարձվածաբանական արձագանք, չի եղել անձնավորված և չի ունեցել որևէ մեկի մասնագիտական արժանապատվությունը նսեմացնելու, վիրավորելու կամ վարկաբեկելու նպատակ։ Նրա ներկայացմամբ՝ արտահայտությունը վերաբերում էր նախագծերը ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու վերաբերյալ պնդմանը, ոչ թե անձին։
Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև ՀՀ լեզվի կոմիտեի պարզաբանումը «օդի մեջ խոսել» դարձվածքի վերաբերյալ։ Լեզվի կոմիտեն նշել էր, որ այն նշանակում է «դատարկ, ոչինչ չասող» խոսք ասել, ունի բացասական գնահատողական երանգ, սակայն առանձին վերցրած նվաստացնող կամ անարգող բառարանային իմաստ չունի և չի պարունակում գռեհկաբանություն։
Հանձնաժողովը նշել է, որ տվյալ դեպքում «օդի մեջ խոսել» արտահայտությունը վերաբերելի է եղել կոնկրետ խոսքի և կարող է ընկալվել որպես այդ խոսքին վերաբերող բացասական գնահատական կամ քննադատություն, սակայն չի ենթադրում անձնական վիրավորանք, ուղղված չէ անձին և չի որակում անձնային հատկանիշները։
Հանձնաժողովը հաշվի է առել նաև, որ արտահայտությունը հնչել է նախորդող քննադատությանն անմիջական պատասխանելու ընթացքում, բանավոր և նույն քննարկման շրջանակում։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ Լենա Նանուշյանի արձագանքը ունեցել է փաստական հենք՝ նրա ներկայացրած փաստերի և գրությունների հիման վրա։
Հանձնաժողովը նշել է, որ եզրակացության շրջանակներում չի անդրադարձել Առողջապահության նախարարության կողմից ներկայացված նախագծերի ներկայացման ժամկետների և ընթացակարգային գործընթացի իրավաչափության կամ հիմնավորվածության հարցին, այլ գնահատել է բացառապես Լենա Նանուշյանի կոնկրետ արտահայտությամբ դրսևորված խոսքային վարքագծի համաչափությունը։
Արդյունքում Հանձնաժողովը արձանագրել է, որ նշված արտահայտության կիրառումը տվյալ համատեքստում չի կարող դիտարկվել որպես վարքագծի կանոնների խախտում և եզրակացրել է, որ Լենա Նանուշյանի կողմից վարքագծի կանոնների խախտում չի եղել։ Եզրակացությունը որոշվել է եռօրյա ժամկետում ուղարկել Լենա Նանուշյանին և Գոռ Ալեքսանյանին։