Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս



Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։



Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել բանակային կորպուսի և զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։


Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող աշխատանքները։


Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև զինծառայողների հետ։

Պաշտպանն առանձնահատուկ ընդգծել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքների իրականացման կարևորությունը։

Միաժամանակ, Անահիտ Մանասյանն ընդգծել է զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտությունը։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման տեսանկյունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment