Պապիկյանը հրահանգել է ստուգել զինծառայողների վարկային պարտավորությունները. ԶԼՄ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ստուգել պայմանագրային զինծառայողների վարկային պարտավորությունները, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ պայմանագրային զինծառայողներին հանձնարարվել է ներկայացնել իրենց բանկային հաշիվների քաղվածքները։

Թերթի աղբյուրների պնդմամբ՝ նախաձեռնության նպատակն է պարզել զինծառայողների ֆինանսական վիճակը և կանխել հնարավոր ինքնասպանությունները։ Թերթի զրուցակիցները պնդել են, որ զինված ուժերում ինքնասպանության որոշ դեպքեր կարող են կապված լինել պայմանագրային զինծառայողների ֆինանսական ծանր վիճակի և վարկային պարտավորությունների հետ։

Պաշտպանության նախարարությունը նյութի հրապարակման պահին տեղեկությունը չէր մեկնաբանել:

Վերջին շաբաթների ընթացքում բանակում 4 մահվան դեպք էր արձանագրվել։ Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան մասին, նրան գտել էին հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 19-ին Ճամբարակի ճանապարհին վրաերթից մահացել էր զինծառայող Սուրեն Վարդանյանը, 6 զինվոր տուժել էր։ Օգոստոսի 23-ին հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 24-ին արձանագրվել էր 4-րդ մահվան դեպքը․ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ծառայության հետ չկապված հանգամանքերում մահացել էր 37-ամյա պայմանագրային զինծառայող։ Բոլոր դեպքերով քրեական վարույթներ էին նախաձեռնվել։

Օգոստոսին գրանցված մահվան դեպքերի ֆոնին կադրային փոփոխություններ էին սկսվել ռազմական ղեկավարության շրջանակներում։ Պաշտոններից ազատվել էին Պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի փոխարեն պաշտոնում նշանակվել էր ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։ ԶԼՄ-ները գրել էին, որ այդ դեպքերը դժգոհություններ էին առաջացրել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նկատմամբ։ Նախարարը ճեպազրույցում հայտնել էր, որ չի կրում մահվան դեպքերի ամբողջ պատասխանատվությունը։

Leave a Comment