Հայաստանը և Ռուսաստանն ավելին են, քան ռազմավարական գործընկերներ, սակայն երկու երկրների միջև հարաբերությունները պետք է բարելավվեն, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ռուսաստանը իրավական, քաղաքական և տնտեսական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկեր ՀՀ համար։ Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դաշնակիցներ են դարձնում, որն ավելին է, քան ռազմավարական գործընկերը», – ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության ծրագրում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վերաբերյալ ձևակերպման բացակայությունը։
Միրզոյանը շեշտել է, որ երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամներ են։
«Մենք սառեցրել ենք և չեմ տեսնում այդպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դաշնակիցներ են դարձնում նաև պաշտպանական ոլորտում», – հավելել է նա։
Միրզոյանը միաժամանակ նշել է, որ վերջերս որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Նա նշել է տարբեր քաղաքական գործիչների հայտարարությունները, հիմնականում ռուսական կողմից, ինչպես նաև Ռուսաստանի որոշումները՝ սահմանափակելու գյուղատնտեսական մթերքի, ծաղիկների, հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների ներմուծումը Հայաստանից։
«Մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենա»,- նշել է նա։
Միրզոյանը հայտարարել է, որ ռուս գործընկերներն ավելի մեծ հարգանքով պետք է վերաբերվեն ինքնություն որոշումներ կայացնելու ՀՀ իրավունքին։
Նա նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ունի բոլոր իրավունքներն ու պարտականությունները դաշինքի շրջանակներում: Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը «անթերի» կատարել է իր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակներում, և ռուսական կողմի գործողությունները կազմում են միության կանոնների խախտում:
«Բայց մենք բոլորովին չենք ուզում էլ ավելի թեժացնել իրավիճակը, մտնել փոխադարձ հայտարարությունների ու մեղադրանքների ոլորտ։ Մենք ոնց հավատում էինք, որ Հայաստանն և Ռուսաստանըը կապված են ամուր բարեկամական կապերով տարբեր ոլորտներում՝ պատմություն, մշակույթ, քաղաքական երկխոսություն և տնտեսություն և այլն, այնպես էլ համարում ենք, որ ապագայում էլ այսպես պետք է լինի», – հայտարարել նա՝ հավելելով, որ հայկական կողմը ցանկանում է բոլոր հարցերը լուծել կառուցողական մթնոլորտում․ նստել և բարեկամաբար լուծել այդ բոլոր խնդիրները և կանի ամեն ինչ, որպեսզի «հունից այդ խոսակցությունը դուրս չգա»։
Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունները՝ կապված ՀԱՊԿ-ի կողմից 2022 թվականի աշնանը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին արձագանքի հետ, Միրզոյանը նշել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
