ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները ճնշում են գործադրում Իսպանիայի և Հունաստանի վրա՝ Patriot համակարգերի համար նախատեսված որսիչ հրթիռներ Ուկրաինային փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ Կիևը շտապ լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ է խնդրում՝ նախազգուշացնելով, որ առկա պաշարներն արդեն բավարար չեն ռուսական հարվածները հետ մղելու համար։ Ուկրաինական կողմը հատկապես կարևորում է ամերիկյան Patriot համալիրների համար նախատեսված հրթիռների մատակարարումը։
Հարցը կքննարկվի Դուբլինում Եվրամիության անդամ երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, գրում է Bloomberg-ը։ Բացի այդ, հաջորդ շաբաթ ԵՄ երկրները պետք է քվեարկեն այն հարցի շուրջ, թե թույլատրել Ուկրաինային սեփական վարկային միջոցների հաշվին լրացուցիչ Patriot հրթիռներ ձեռք բերել։
Գործակալության նշմամբ՝ հենց Իսպանիան և Հունաստանն ունեն նման հրթիռների պաշարներ, որոնք դաշնակիցները ցանկանում են փոխանցել Կիևին։