Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կմեկնարկի 2026-2027 ուսումնական տարին։ Աշակերտների վերջնական թիվը դեռ հայտնի չէ և ԿԳՄՍՆ-ից խոստացել են տվյալները ամփոփել սեպտեմբերի 5-ից հետո։ 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում սովորել է շուրջ 425 000 աշակերտ։
Նոր ուսումնական տարին մեկնարկում է դպրոցական ենթակառուցվածքների, կառավարման և կրթության թվայնացման շարունակվող փոփոխությունների ֆոնին։
Քննարկվող հիմնական հարցերից մեկը սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների հետագա գործունեությունն է։ Տնտեսագետները նշում են, որ մարզային սոցիալական ենթակառուցվածքների կենտրոնացման արդյունքում 231 դպրոց կարող է միավորվել ավելի խոշոր դպրոցների հետ՝ մատնանշելով այդ գործընթացի հնարավոր ռիսկերը, հատկապես՝ գյուղական համայնքների համար։ Քննարկումների առիթ են դարձել նաև կրթության ոլորտում իրականացվող մի շարք փոփոխություններ։
Դրանց թվում են 2025 թվականին 7-12-րդ դասարաններում «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու, ինչպես նաև 2025-2026 ուսումնական տարվա «Այբբենարանում» Մեսրոպ Մաշտոցի պատկերը QR կոդով փոխարինելու որոշումները։
Միաժամանակ՝ 2026-2027 ուստարում կընդլայնվի արհեստական բանականության կիրառումը կրթական համակարգում, իսկ աշակերտներին հասանելի կդառնան ԱԲ գործիքները։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ծնողների համար առանձին խնդիր է դպրոցին երեխաներին նախապատրաստելը, հատկապես՝ գնաճի պայմաններում։ Հուլիսին Հայաստանում տարեկան գնաճը կազմել էր 4,5%։
Armenia Today-ը սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե որքա՞ն են ընտանիքները ծախսում դպրոցական գնումների վրա և ի՞նչ ակնկալիքներ ունեն նոր ուսումնական տարվանից։
Հարցման մասնակիցների մեծ մասը կրթության ոլորտում պետությունից ակնկալում է որակական փոփոխություններ։ Մասնավորապես, նրանք կարևորել են այնպիսի կրթական միջավայրի և ծրագրերի ստեղծումը, որոնք կբարձրացնեն աշակերտների սովորելու մոտիվացիան և կխրախուսեն նրանց ավելի լավ արդյունքների հասնել։
Հարցվածներից ոմանք դրական են գնահատել դպրոցների կառուցման և վերանորոգման ծրագրերը, ինչպես նաև ուսուցիչների թեստավորումը, սակայն նշել են, որ միայն այդ փոփոխությունները բավարար չեն կրթության որակը բարձրացնելու համար։
Մի քաղաքացի նորակառույց դպրոցների ծրագիրը դրական գնահատելով հանդերձ՝ ասել է, որ պետությունը դրանից չի զարգանում։
«Տեսնում ենք՝ ինչ լավ վերանորոգում են դպրոցները, թեստավորում են ուսուցիչներին և այդ ամեն ինչը ողջունելի է, բայց որպես պետություն, երկիրը չի զարգանում»,- դիրքորոշում է հայտնել հարցված քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի կարևորել է դպրոցներում որոշակի սահմանափակումների կիրառումը և աշակերտների մոտիվացիան բարձրացնող ծրագրերի ներդրումը՝ այդ թվում արտերկրում կրթություն ստանալու հնարավորությունների ստեղծումը։
«Շատ բաներ դպրոցում պետք է արգելվեն՝ հենց հեռախոսից սկսած։ Կարելի է ինչ-որ հետաքրքիր ծրագրեր հորինել, օրինակ՝ արտասահման են ուղարկում, սովորում են և այլն։ Նման ծրագրերը պետք է շատ լինեն, որ խթան հանդիսանան, որ աշակերտը ցանկանա դպրոց այցելել»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Հարցվածներից մեկն էլ ընդգծել է, որ դպրոցում առաջնայինը պետք է լինի կրթությունն ու գիտելիք ստանալը, ոչ թե հագուստը։
«Պետք է չմոռանան, որ երեխային դպրոց չենք ուղարկում, որպեսզի ուղղակի հագուստը ցույց տա․ գնում է դպրոց, որպեսզի սովորի, գիտելիք ստանա»,- դիրքորոշում է հայտնել քաղաքացին։
Դպրոցական գնումների և ծախսերի մասին խոսելիս հարցված ծնողների մեծ մասը նշել է գների աճի մասին։ Մեկ երեխայի համար նրանց նշած ծախսերը տատանվել են 60 000-ից մինչև 150 000 դրամի սահմաններում։ Ծնողների մի մասը փորձում է խնայել՝ օգտվելով զեղչերից կամ գնումներ կատարելով առցանց հարթակներից, որտեղ, նրանց գնահատմամբ, որոշ ապրանքներ ավելի մատչելի են։
«Առաջին դասարան է գնում աղջիկս, բյուջեն մոտավորապես 100 000 դրամ է, բայց հիմնականում դրսից եմ պատվիրել հագուստը, այդպես ավելի մատչելի է»,- ասել է քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի նշել է, որ մեկ երեխայի դպրոցական գնումների համար ծախսում է մոտ 60 000 դրամ։
«Մեկ երեխա եմ դպրոց ճանապարհում՝ մոտ 60 000 դրամի սահմաններում։ Խանութներից եմ գնումներ անում, որպեսզի տեսնեմ՝ ինչ եմ գնում։ Թանկացում նկատում եմ, բայց զեղչեր ևս շատ եմ նկատում, աշխատում եմ զեղչերից օգտվել»,- նշել է քաղաքացին։
Հարցված մեկ այլ ծնող ևս նշել է գրենական պիտույքների և այլ դպրոցական ապրանքների թանկացման մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ շուկայում տարբեր գնային կատեգորիաների մեծ ընտրություն կա։
«Մոլերից եմ գնում շատ բաներ, բայց նաև մոտակա խանութներից՝ կախված երեխաների քմահաճույքներից։ Շատ մեծ թանկացում եմ նկատել՝ անգամ գրենական պիտույքների վրա։ Տարեցտարի այդ թանկացումը կա, որակի տարբերություն կա, բայց նաև իրականում գնային մեծ ընտրություն կա, դա լավ է»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Արցախից բռնի տեղահանված երկու երեխաների մայրն ասել է, որ դժվարանում է դպրոցական գնումների համար հստակ բյուջ նշել, քանի որ ընտանիքը միաժամանակ ստիպված է հոգալ նաև բնակարանի վարձը։
«Ինքս լինելով տեղահանված, ով պիտի հոգա և՛ տան վարձի և՛ մտածի երեխա դպրոց ուղարկելու մասին, փորձում եմ ոչ մի բանից հետ չպահել երեխաներիս։ Խանութներից եմ նախընտրում գնումներ կատարել, որովհետև պիտի տեսնեմ՝ նոր գնեմ»,- ասել է նա։
Մինչդեռ շուկայում և տոնավաճառում Armenia Today-ի զրուցակից վաճառողները նշել են դպրոցական ապրանքների վաճառքի նվազման մասին։ Նրանց մեծ մասը դա կապել է առցանց առևտրի տարածման հետ՝ նշելով, որ գնորդների մի մասը նախընտրում է ապրանքներ պատվիրել օնլայն հարթակներից։
Վաճառողներից մեկի գնահատմամբ՝ առցանց առևտրի պատճառով իր վաճառքի ծավալները նվազել են մոտ 85%-ով։
«Օնլայն առևտուրը մոտ 85% նվազեցրել է մեր առևտրի ծավալները։ Եթե տուրիստներ գան այս սեզոնին, առևտուր կլինի, իսկ տեղի ժողովուրդը ոնց որ բան չգնի, օնլայն են դա անում»,- ասել է նա։
Նույն տոնավաճառի մեկ այլ վաճառող ևս նշել է առևտրի նվազման մասին, սակայն դա միայն առցանց հարթակների տարածվածությամբ չի պայմանավորել։
«Մենք ինքներս էլ նայում ենք օնլայն հարթակների գները, դրանք մեզ մոտ ավելի մատչելի են, քան այնտեղ։ Երևի ժողովրդի տրամադրությունից է»,- կարծիք է հայտնել վաճառողը։
Հարցված վաճառողներից մեկը ևս նկատել է, որ առևտրի ծավալները տարեցտարի նվազում են՝ դա կապելով առցանց գնումների տարածման հետ։
«Լրիվ պասիվացում, ոչ մի առևտուր չկա։ Օնլայն են երևի առևտուր անում։ Կամաց-կամաց քչանում է առևտուրը»,- կարծիք է հայտնել վաճառողը։
Մանրամասները՝ տեսանյութում։
