Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել 2026 թվականի մայիսի 27-ի N 757-Ա որոշման մեջ՝ «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» անվանումը փոխարինելով կազմակերպության պաշտոնական՝ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ անվանումով։ Նախագծով կճշտվի նաև նախատեսված ֆինանսական ցուցանիշը՝ 21 մլն 412 հազար 497 դրամ, իսկ մի շարք միջոցառումների իրականացման ժամկետը երեք ամսից կերկարաձգվի մինչև վեց ամիս։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 757-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող որոշմամբ նշված կազմակերպության անվանումը չի համապատասխանում դրա պաշտոնական անվանմանը։
Մասնավորապես, որոշման առաջին կետում նշված է «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն», մինչդեռ կազմակերպության ճիշտ և պետական գրանցմամբ սահմանված անվանումն է՝ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։
Որոշմամբ նախատեսված գույքի հանձնում-ընդունման գործընթացը հնարավոր չէ իրականացնել՝ կազմակերպության անվանման անհամապատասխանության պատճառով։ Հետևաբար, գույքի հանձնում-ընդունումն ապահովելու և որոշման պատշաճ կատարումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 757-Ա որոշման առաջին կետում «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» բառերը փոխարինել ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» բառերով։
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաև որոշման երկրորդ կետում՝ «համապատասխան չափով» բառերը փոխարինելով «21,412,497.0 դրամով» բառերով։ Նշված փոփոխության նպատակն է հստակեցնել որոշմամբ նախատեսված ֆինանսական ցուցանիշը՝ բացառելով դրա տարբեր մեկնաբանությունների հնարավորությունը և ապահովելով որոշման կատարման իրավական որոշակիությունը։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։ Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարման իրական ժամկետների վերանայման անհրաժեշտությամբ և նպատակ ունի ապահովել դրանց ամբողջական, արդյունավետ և գործնականում իրագործելի իրականացումը՝ հաշվի առնելով կատարվող աշխատանքների ծավալն ու բնույթը։
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ». Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից։