Վերջին պաշտոնական տվյալներով Նեպալում և Տիբեթում անցած շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը անցնում է 900-ը, անհետ կորած է համարվում ավելի քան 4․700 մարդ, որոնցից՝ 592 օտարերկրացի։ Վատ եղանակի պատճառով փրկարարական աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են: Ըստ Կարմիր խաչի հրապարակած տվյալների՝ աղետից տուժել է ավելի քան 90 հզր մարդ։
Ընդամենը 10 վայրկյան կյանքը փրկելու համար․ 16-ամյա Յունիշա Ամատյան արտասվելով պատմում է, թե ինչպես է կարողացել մի քանի վայրկյանում անվտանգ վայր հասնել մինչև տարերքի հարվածը։ Սկզբում շատ աշակերտներ չէին գիտակցում, թե որքան լուրջ է իրավիճակը՝ պատմում է Յունիշան․
«Ես և իմ ընկերները փրկվեցինք ընդամենը 10 վայրկյանում։ Ջրհեղեղից մի քանի րոպե առաջ մենք դասարանում էինք և դաս էինք սովորում։ Ուսուցիչները հավաքվել էին, և սկզբում պատկերացում անգամ չունեինք, թե ինչ է կատարվում։ Հինգ րոպե անց ուսուցիչները եկան, տեղեկացրին մեզ ջրհեղեղի մասին և խնդրեցին տուն գնալ»։
Աշակերտուհին պատմում է, որ իր ընկերներից մեկն ուշաթափվել է, երբ լսել է աղետի մասին։ Բայց շատերը սկզբում թերագնահատել են վտանգը և սպասել են դասընկերներին, որոնք դեռ դպրոցում էին։ Մինչդեռ Յունիշան մի քանիսի հետ շենքի հետնամասի նեղ սանդուղքով հասցրել է փախչել դեպի մոտակա բարձունք։
Նա պատմում է, որ կարճ ժամանակ անց աչքերի առաջ հեղեղը քշել տարել է մոտակա շուկան ու դպրոցը։
Աղջիկը պատմում է, որ չի կարողացել արագ քայլել, և ընկերներն են օգնել իրեն․
«Ովքեր ընտրեցին փախչելու այլ ճանապարհ, ջրհեղեղը քշեց տարավ նրանց։ Եթե կոշիկներս ամուր չլինեին, կընկնեի։ Աշակերտներն ու մյուս մարդիկ միմյանց հրմշտում էին փախչելիս ավելի անվտանգ տարածք հասնելու համար»։
Նույն դպրոցի տնօրենը՝ Ռաջենդրա Դավադին էլ պատմում է, որ 900 աշակերտի կյանքը փրկվել է արագ կողմնորոշման շնորհիվ։
Ջրհեղեղից րոպեներ առաջ դպրոցի տնօրենը վերահաս աղետի մասին զգուշացնող մի քանի ահազանգ է ստացել և արագ որոշել է տարհանել բոլորին․
«Սովորական օր էր։ Այդ պահին դասարանում էի, երբ գործընկերներիցս մեկը եկավ ու ասաց, որ ջրհեղեղ է լինելու։ Հետո մի ծնող եկավ, որ աղջկան տանի։ Ծնողներն առանց լուրջ պատճառի իրենց երեխաներին չեն տանում դպրոցից։ Նման երեք ահազանգից հետո ես որոշեցի այլևս չսպասել։ Նույնիսկ եթե ջրհեղեղ չէր լինելու, դա ընդամենը մեկ օրվա դասերի հարց էր։ Եթե արագ չորոշեինք, բոլորս այսօր չէինք կարողանա խոսել ձեզ հետ»։
Դպրոցի տնօրենը պատմում է, որ հեղեղը շատ արագ է մոտեցել և ծածկել գետից մոտ 100 մ հեռավորության հանրակացարանն ու դպրոցը։
Բնական աղետի պատճառած ավերածություններից հետո որոնողական, փրկարարական և մաքրման աշխատանքները Նեպալում և Տիբեթում շարունակվում են։
Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները ծանր տեխնիկայով մաքրում ցեխի հաստ շերտը և հավաքում ավերված շինությունների մնացորդները։ Իսկ ուղղաթիռներով փորձում են գտնել ողջ մնացածներին։
Տարբեր երկրներ մասնագիտացված խմբեր են ուղարկել օգնելու տեղի փրկարարներին։