Հնդկաստանի վարչապետը հայերեն գրառում է արել

«Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում». հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։

Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,- նշել է նա։

Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. հայտնում են կառավարությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել և պատրաստակամություն հայտնել շարունակելու ջանքերը՝ այն էլ ավելի խորացնելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության ու դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Leave a Comment