Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ կոմունալ վճարներ ունեցող խոշոր քաղաքը՝ ըստ Deutsche Bank-ի պատվերով իրականացված միջազգային հետազոտության: Վերլուծաբանները համեմատել են 85…
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ կոմունալ վճարներ ունեցող խոշոր քաղաքը՝ ըստ Deutsche Bank-ի պատվերով իրականացված միջազգային հետազոտության: Վերլուծաբանները համեմատել են 85 քառակուսի մետր մակերեսով բնակարանների էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ջեռուցման, հովացման և աղբահանության միջին ամսական ծախսերը։ Տվյալները հաշվարկվել են եվրոյով՝ 2026 թվականի օգոստոսի 28-ի փոխարժեքով:
Ուսումնասիրության տվյալներով՝ վերջին մեկ տասնամյակում Բեռլինում կոմունալ ծառայությունների արժեքն աճել է 48%-ով՝ ամսական 239 եվրոյից հասնելով 353 եվրոյի: Բացի մայրաքաղաքից, առաջատար տասնյակում են հայտնվել գերմանական ևս երկու քաղաքներ՝ Մյունխենը (6-րդ տեղ, 325 եվրո) և Ֆրանկֆուրտը (7-րդ տեղ, 323 եվրո): Աշխարհի ամենաթանկ կոմունալ վճարներով առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Բեռլին (353 եվրո)
- Թել Ավիվ (341 եվրո)
- Օսլո (330 եվրո)
- Լոնդոն (329 եվրո)
- Էդինբուրգ (326 եվրո)
- Մյունխեն (325 եվրո)
- Ֆրանկֆուրտ (323 եվրո)
- Վարշավա (294 եվրո)
- Վիեննա (292 եվրո)
- Բիրմինգհեմ (287 եվրո)
Միաժամանակ, Բեռլինի վարձակալների ասոցիացիայի փորձագետները քննադատել են հրապարակված արդյունքները: Rbb-ի փոխանցմամբ՝ մասնագետները նշել են, որ տարբեր տարածաշրջաններում սակագների ձևավորման մեխանիզմները տարբեր են, իսկ Գերմանիայում գների վրա էականորեն ազդում է աշխատուժի բարձր արժեքը՝ պայմանավորված նվազագույն աշխատավարձի մակարդակով: