Երբ ուզում ես հասկանաս, թե ինչ է տեղի ունեցել, երկու հարց ես տալիս՝ ի՞նչ և ե՞րբ։ Հիմա էդ մարդը ուղիղ եթերից այդ երկու հարցին էլ ստով է սկսում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ նկատի ունենալով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Ըստ նրա՝ դատախազն ասել է, թե ապրիլին Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվել է մեղադրանք, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ չբացակայելու արգելքով։
«Երկու մեծ սուտ, որ իրար հետ ամուսնացնես, ճշմարտություն չի ծնվելու։ Դրանից հետո նա ինչ կպատմի՝ դա արդեն ստի շարունակությունն է»,-ասաց Միկոյանը։
«Դրանց որ լսում ես՝ տպավորություն է, որ քննչականում Վերջին զանգի էժան, ցածր որակի սցենարիստներ են, և իրենց պայմանական հանձնարարություն է իջնում, որ «գետաձի», «ձմերուկ» և «հիդրոէլեկտրակայան» բառերով մի մեղադրանք կառուցեն։ Իրենք դա գրում են։ Հաջորդ առավոտ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «վաժնի» դեմքով մտնում է ԱԺ, ասում է՝«պարզվել է, որ գետաձիերը ձմերուկով հիդրոէլեկտրակայանին հարվածել են»,- ասաց Բագրատ Միկոյանը՝ կոչ անելով դուրս գալ ստի աշխատաոճից։․
Ըստ բանախոսի՝ իշխանությունները հունիսից ապօրինի փակել են Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից, և այսօր չկա այն հարցի պատասխանը, թե ինչու է ՀՀ երկրորդ նախագահը կալանավորված։ Սա այն դեպքում, երբ խոշոր կոռուպցիոն և սպանության գործերով շատ մարդիկ կալանավորված չեն։
«Նախագահը կալանավորված է, որովհետև կա շարադրություն գրելու հանձնարարությունը, որի պատվերը եկել է Բաքվից»,- ասաց Բագրատ Միկոյանը։