Ռուբենն այդպես էլ պատասխան չստացավ․ Զոնաբենդը՝ Փաշինյանին դիմելու մասին

Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, Բաքվում պահվող Հայաստանի քաղաքացիների ճակատագրի նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը «հակասահմանադրական» է որակել։ Այս մասին նա հայտարարել է Forbes Woman-ին տված հարցազրույցում։

«Ես համարում եմ, որ իր քաղաքացիների ճակատագիրն անտեսելը հակասահմանադրական է։ Որովհետև Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների ճակատագրի մասին»,- ասել է Զոնաբենդը։

Նա հիշեցրել է, որ 2026 թվականի ապրիլին Վարդանյանը դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ առաջարկելով Փաշինյանի աջակցությամբ մեկնել Բաքու և հարազատների հետ այցելել այնտեղ պահվող հայերին։ ՄԻՊ-ը պատասխանել էր, որ նման լիազորություններ չունի, և Ադրբեջան մեկնելն իր իրավասության շրջանակում չէ։

Զոնաբենդը հիշեցրել է նաև, որ մայիսին Վարդանյանը դիմել էր Փաշինյանին՝ հարցնելով, թե ով է պատասխանատու Ադրբեջանում բանտարկված Հայաստանի քաղաքացիների պաշտպանության և աջակցության կազմակերպման համար։

«Իր հարցերի պատասխանները Ռուբենն այդպես էլ չստացավ»,- նշել է նա։

Ավելի վաղ Զոնաբենդն ինքն էր դիմել Փաշինյանին՝ Բաքու կանանց միջազգային հումանիտար պատվիրակության այցի կազմակերպմանն աջակցելու խնդրանքով։ Հետագայում ՀՀ ԱԳՆ-ն նրան հանդիպման առաջարկ էր փոխանցել։

Զոնաբենդը Forbes Woman-ին հայտնել է, որ նախատեսվող պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրված անձնական իրերը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ երկրի բանտերում 19 հայ է պահվում, որոնցից ոմանք այնտեղ են դեռ 2020 թվականից։ Զոնաբենդը նշել է, որ Կարմիր խաչի ներկայացուցչության փակվելուց հետո նրանց վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկությունների հասանելիությունը սահմանափակվել է։

Անդրադառնալով Վարդանյանի դատավարությանը՝ Զոնաբենդը հայտնել է, որ դատավարական խախտումների վերաբերյալ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա խոսքով՝ միջազգային փաստաբաններին և դիտորդներին թույլ չեն տվել մասնակցել դատավարությանը, իսկ Վարդանյանի միջազգային պաշտպանները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու նրա հետ։

«Հայտարարվում էր, որ գործընթացը բաց է, բայց միջազգային ոչ մի դիտորդի թույլ չտվեցին մասնակցել։ Միջազգային փաստաբաններին թույլ չտվեցին»,- ասել է Զոնաբենդը։

Նա նաև հայտնել է, որ Վարդանյանին վերջին անգամ անձամբ տեսել է 2022 թվականի աշնանը՝ Ստեփանակերտում։ Նրա ձերբակալությունից հետո ընտանիքը որոշ ժամանակ Կարմիր խաչի միջոցով տեսագրություններ էր ստանում, սակայն, Զոնաբենդի խոսքով, ավելի քան մեկ տարի է՝ տեսազանգեր չեն եղել։

Զոնաբենդը հուլիսի 8-ին և 31-ին  բաց նամակով դիմել էր  Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ մտադիր է Բաքու մեկնել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում։ Կառավարությունից օգոստոսի 7-ին հայտնել էին, որ պատրաստ են ԱԳՆ-ի միջոցով հանդիպում կազմակերպել նրա հետ և քննարկել բարձրացված հարցերը և առաջարկը։

Կառավարությունից նաև նշել էին, որ արդեն կապ են հաստատել Զոնաբենդի հետ և փոխանցել համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները, սակայն Զոնաբենդը օգոստոսի 10-ին հայտնել էր, որ իր հետ կապ չեն հաստատել։ ԶԼՄ-ներն ավելի ուշ գրել էին, որ Զոնաբենդը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն այլ մանրամասներ չկային։ 

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում է նաև Վարդանյանը, որը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամները դատապարտվել են 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։

Leave a Comment