Iravaban.net–ի փոխանցմամբ՝ եթե դուք սովորում եք Հայաստանում հավատարմագրված բուհերից որևէ մեկում և միևնույն ժամանակ հանդիսանում եք վարձու աշխատող, ապա Ձեր ուսման վարձը կարող է Ձեզ փոխհատուցվել Ձեր իսկ կողմից վճարված եկամտային հարկի գումարից, սակայն պետք է հիշել մի քանի նախապայման: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից:
Նախ, ուսանողը պարտադիր պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
- առկա ուսուցմամբ սովորի մագիստրատուրայում,
- ասպիրանտուրայում կամ,
- օրդինատուրայում։
Ոուսանողը նշված ծրագրից կարող է օգտվել միայն մեկ մասնագիտության գծով, ուսումնառության տարբեր տարիների համար։
Կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Իսկ ինչպես է իրականացվում փոխհատուցումը։
Ուսանողը հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունը ավարտելու տարվա մարտի մեկից 15-ը կամ սեպտեմբերի մեկից 15-ը ԲՈՒՀ է ներկայացնում համապատասխան դիմում։ Բուհը ուսանողի վերաբերյալ տվյալները ներկայացնում է ԿԳՄՍ նախարարություն, նախարարությունը դրանք փոխանցում է հարկային մարմին, հարկային մարմինը ստուգում է ներկայացված տվյալները, եթե փոխհատուցումը մերժելու հիմքեր չկան, ապա կազմում են վճարման հանձնարարական, որից հետո գումարը գանձապետարանի միջոցով փոխանցվում է ուսանողի բանկային հաշվին։
Ի դեպ դիմումը կարող է մերժվել․
- եթե գործատուն աշխատավարձի մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը ամբողջությամբ չի վճարել պետական բյուջե,
- եթե ուսանողը նույն կրթական աստիճանում որևէ մասնագիտության գծով արդեն իսկ օգտվել է նշված ծրագրից, կամ
- եթե տվյալ ուսումնական տարվա ընթացքում ուսանողը համարվել է հիպոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման ծրագրի շահառու։