Ուրեմն, էս խեղճ Իվանը մի օր գնում է էն աֆերիստ Աբրահամի մոտ և մի մանեթ վարկ խնդրում: Աբրահամն ասում է, որ կտա մանեթը, բայց մյուս ամիս պետք է երկու մանեթ ստանա: Պլյուս՝ Իվանի կացինը որպես գրավ է վերցնում: Իվանը համաձայնում է, վերցնում է վարկը, թողնում է կացինը և, երբ դուրս է գալիս, Աբրահամը հարցնում է. «Իվան, քեզ դժվար կլինի, չէ՞, որ մի ամսից երկու մանեթ վճարես»: Իվանը մտածում, ասում է. «Հա, շատ դժվար կլինի»: Դե, մեծահոգի Աբրահամն էլ առաջարկում է պարտքի կեսը՝ մի մանեթը, վերադարձնել հիմա, մնացածը՝ հաջորդ ամիս:
Իվանն ուրախանում է, վերադարձնում է մի մանեթը, դուրս է գալիս ու մտածում, թե՝ այ ախպեր, ոչ մանեթը կա, ոչ կացինը, բայց, ախր, ամեն ինչ իդեալական ճիշտ է, չէ՞:
Հիմա, հայ ժողովուրդը փաշինյան նիկոլին խնդրեց իրեն Եվրոպա տանել, սա էլ սկսեց տանել: Ճամփին պրոբլեմներ առաջացան. ռուսները ջղայնացան, փակեցին իրենց շուկան հայերի համար, շուտով գազն էլ կթանկացնեն: Ժողվարչապետը հինգշաբթի հայտարարեց, որ չէր կարող իր նախընտրական ծրագրի մեջ գրել «ստրատեգիական համագործակցություն» ռուսների հետ, քանի որ հայ ժողովուրդը կասեր, թե՝ բա մոռացե՞լ ես, պրն ժողվարչապետ, որ ռուսները մեզ թողեցին 2022-ին մեն-մենակ: Այսինքն, հենց ժողովուրդն է ռուսներին զրկել ստրատեգիական եղբայրությունից հայերի հետ, փաշինյան նիկոլն ընդամենը կատարել է նրա կամքը:
Իսկ երբ գազը թանկացավ, ստիպված Ալիևն է գազ տալու (սա բարդ իրականալի է, բայց դա թողնենք մի կողմ): Ալիևն էլ որ գազ տա, որ հայերը ցրտից ու սովից չսատկեն, մի բան կուզի, չէ՞: Ասենք, Սևանի արևելյան ափը: փաշինյան նիկոլն էլ կհամաձայնի, չէ՞, հո չի թողնելու, որ ժողովուրդը վարի գնա: Հետո հերթը կհասնի հոսանքին: Քանի որ հայերը նիկոլից, Եվրոպայից զատ, նաև Ամերիկա են պահանջում, ամերիկացիք էլ արհեստական բանականության գործարան են կառուցում, որը հսկայածավալ հոսանք է սպառելու, էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կառաջանա, որը մեխանիկորեն կփակվի նույն Ալիևի կողմից՝ Ջերմուկի հաշվին: Դե, իսկ Սյունիքից էլ հայ ժողովուրդը կզրկվի TRIPP-ի միջոցով:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ