Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հակաօդային պաշտպանության հրթիռով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։
Այս զարգացումներին նախորդել էր Իրանի Լարակ կղզու ուղղությամբ ամերիկյան հարվածը։ ԱՄՆ զինված ուժերը գործողությունը բնութագրել են որպես «սահմանափակ և ճշգրիտ»՝ նշելով, որ այն ուղղված է եղել Հորմուզի նեղուցում անմիջական սպառնալիք ներկայացնող իրանական ուժերի դեմ։
ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Լարակ կղզում գտնվող երկու իրանական արձակման կայանների։ Նրա խոսքով՝ ԻՀՊԿ-ի ուժերը նկատվել էին Հորմուզի նեղուցում գործողությունների նախապատրաստվելիս։
Իրանական Tasnim գործակալությունն իր հերթին հաղորդել է, որ Լարակ կղզու վրա հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Իրանի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում։ Թեհրանը հայտարարել է, որ հարձակմանը պատասխանելու է։
Ավելի ուշ ԻՀՊԿ-ն հայտնել է, որ, ի պատասխան Լարակ կղզու վրա ամերիկյան հարվածի, բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող երկու ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ երկրի օդային տարածք ներթափանցած ութ հրթիռ է որսացել։
Վերջին զարգացումները վկայում են տարածաշրջանում ռազմական լարվածության սրման մասին։ Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար. մինչև հակամարտության սրացումը դրանով էր անցնում աշխարհում սպառվող նավթի զգալի մասը։