Անձին մեղադրանք ներկայացնելը դեռևս չի նշանակում, որ նա մեղավոր է։ Անմեղության կանխավարկածը պահանջում է, որ մարդու մեղավորությունը հաստատվի միայն օրենքով սահմանված ընթացակարգով և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Մինչ այդ անձը շարունակում է օգտվել օրենքով նախատեսված պաշտպանության բոլոր երաշխիքներից։ Անմեղության կանխավարկածի վերաբերյալ մտքեր արտահայտել են դեռևս անտիկ աշխարհի մտածողները, ավելի ուշ արդեն այս հասկացությունը ստացել է իրավական բնորոշում և ամրագրվել է օրենսդրութամբ։
Անմեղության կանխավարկածի կարևոր հետևությունն այն է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել սեփական անմեղությունը։ Մեղավորության ապացուցման պարտականությունը մեղադրանքի կողմինն է։ Միևնույն ժամանակ, անձը պետք է հնարավորություն ունենա իմանալու իրեն վերագրվող մեղադրանքի մասին, արդյունավետ պաշտպանվելու և օգտվելու օրենքով նախատեսված դատավարական բոլոր իրավունքներից։
Այս սկզբունքը, սակայն, չի վերաբերում միայն դատարանում հնչող մեղադրանքին։ Այն պետք է պահպանվի քրեական վարույթի ամբողջ ընթացքում՝ սկսած նախաքննությունից մինչև վերջնական դատական ակտը։ Այդ թվում՝ այն փուլում, երբ իրավապահ մարմինները հանրությանը տեղեկացնում են քրեական վարույթի ընթացքի մասին։
Իրավական շաբաթի շրջանակներում թեման ներկայացրել են «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական ընկերության գործընկեր, փաստաբան Հունան Բաբայանը և «Պողոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։