Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ-ին անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Իսլանդիայում անցկացված հանրաքվեում ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը։

Նախնական արդյունքների համաձայն՝ ձայների հաշվարկի ավարտից հետո կառավարության՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները վերսկսելու առաջարկին կողմ է քվեարկել ընտրողների 47.2%-ը, դեմ՝ 52.8%-ը։ Քվեաթերթիկների 0.7%-ն անվավեր է ճանաչվել։

Մոտ 400 հազար բնակչություն ունեցող Իսլանդիայում քվեարկությանը մասնակցել է ավելի քան 270 հազար մարդ։

Իսլանդիան Եվրամիությանը անդամակցելու հայտ էր ներկայացրել 2009 թվականին՝ ֆինանսական ճգնաժամից հետո։ Անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցվել էին 2013 թվականին։

Վերջին տարիներին մի շարք գործոններ, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմը, գնաճը և բարձր տոկոսադրույքները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ հնչեցրած հավակնությունները, Իսլանդիայում կրկին ակտիվացրել էին Եվրամիությանն անդամակցելու շուրջ քննարկումները։

ԵՄ-ին անդամակցությանը հատկապես դեմ են ձկնորսության ոլորտի ներկայացուցիչները, որոնք մտահոգված են ԵՄ ընդհանուր ձկնորսական քաղաքականության հնարավոր ազդեցությամբ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի վրա։

Բանակցությունների վերսկսման կողմնակիցները հույս ունեին Բրյուսելի հետ հասնել անդամակցության պայմանների շուրջ համաձայնության, որից հետո Իսլանդիայում պետք է անցկացվեր ևս մեկ հանրաքվե՝ արդեն ԵՄ-ին փաստացի անդամակցության հարցով։

Իսլանդիան Եվրամիության անդամ չէ, սակայն ընդգրկված է Շենգենյան գոտում և Եվրոպական տնտեսական տարածքում։ Վերջինս ապահովում է ԵՄ միասնական շուկայի շրջանակում մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը։

Leave a Comment