Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Հին քաղաքում քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի պղծման կասկածանքով յոթ անձի է ձերբակալել, հայտնում է The Times of Israel-ը։
Պարբերականը, հղում անելով ոստիկանությանը, գրել է, որ նրանցից չորսը ձերբակալվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի շենքային համալիրի ուղղությամբ թքելու համար։ Եվս երեք կասկածյալ ձերբակալվել է մահմեդական գերեզմանների նկատմամբ վանդալիզմի կասկածանքով։
Օգոստոսի 26-ին արաբական լրատվամիջոցները հրապարակել էին տեսահսկման տեսախցիկի տեսագրություն, որում երևում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց հայկական մայր տաճարի ուղղությամբ թքելու առնվազն մեկ դեպք։ Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի երեկոյան, մինչդեռ ոստիկանությունը հայտնել է, որ այն տեղի է ունեցել շաբաթվա վերջին։
Բոլոր կասկածյալները ոստիկանությունում հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ։ Նրանք կասկածվում են «հանրային անվտանգությանը վնաս հասցնելու հնարավոր գործողությունների» մեջ։
Օգոստոսի սկզբին վեց իսրայելցի հարձակվել էին Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա։ Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել էր վեց կասկածյալի։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք էր ներկայացրել և Իսրայելի իշխանություններին կոչ արել նման միջադեպերը որակել ատելության հողի վրա կատարված հանցագործություններ։ 2025 թվականի հուլիսին իսրայելցի իրավապաշտպանները նախազգուշացրել էին հայերի նկատմամբ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների աճի մասին։
