Տրանսպորտային միջոց վարելու համար որոշ առողջական խնդիրների դեպքում ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշումը նախատեսում է բժշկական հակացուցումներ, բժշկական ցուցումներ և բժշկական սահմանափակումներ։ Այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։
Այս կարգավորումները տարբեր են՝ կախված առողջական վիճակից, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տեսակից և վարորդական իրավունքի կարգից։
Ե՞րբ առողջական վիճակը հակացուցում է տրանսպորտային միջոց վարելուն
Որոշ հիվանդությունների և առողջական վիճակների դեպքում տրանսպորտային միջոց շահագործելը հակացուցված է։
Դրանց թվում են, մասնավորապես՝
- որոշ քրոնիկ և երկարաձգված հոգեկան և վարքի խանգարումները՝ ծանր և հաճախակի սրացումներով,
- շիզոֆրենիան, շիզոտիպային և զառանցանքային խանգարումները,
- հաճախակի սրացումներով որոշ ծանր և չափավոր արտահայտված տրամադրության խանգարումները,
- որոշ նևրոտիկ և մարմնաձևային խանգարումներ, եթե բուժման ֆոնի վրա երեք տարվա ընթացքում գրանցվել են սրացումներ,
- անձի և վարքի որոշ խանգարումներ,
- մտավոր հետամնացությունը,
- հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված որոշ հոգեկան և վարքային խանգարումներ՝ մինչև կլինիկական հսկողության դադարեցումը՝ կայուն ռեմիսիայի պայմաններում,
- աքրոմատոպսիան,
- երկու աչքերի կուրությունը։
Որոշ դեպքերում առողջական վիճակը չի արգելում մեքենա վարելը, բայց պահանջում է հարմարեցում
Առանձին առողջական վիճակների դեպքում նախատեսված են բժշկական ցուցումներ, որոնց դեպքում անձը կարող է վարել համապատասխան հարմարեցված կամ հատուկ սարքավորումներով տրանսպորտային միջոց։
Օրինակ՝
Ձեռքի կառավարմամբ տրանսպորտային միջոց կարող է նախատեսվել ստորին վերջույթների որոշակի ձևախեղումների, անդամահատված ծայրատների, կաթվածի կամ պարեզի և այլ նման վիճակների դեպքում։
Ավտոմատ փոխհաղորդակով տրանսպորտային միջոց կարող է նախատեսվել վերին կամ ստորին վերջույթի կամ ոտնաթաթի բացակայության, դաստակի կամ ոտնաթաթի շարժումների զգալի դժվարացման, մատների կամ ֆալանգների բացակայության կամ անշարժության, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի որոշ ախտահարումների դեպքում։
Կայանման ձայնային ազդանշանային համակարգով տրանսպորտային միջոց կարող է շահագործվել մեկ աչքի կուրության կամ բացակայության դեպքում՝ տվյալ աչքի տեսողությունը կորցնելուց 6 ամիս անց։
Տեսողության սրությունը թույլատրելի մակարդակից ցածր լինելու դեպքում հնարավոր է տրանսպորտային միջոց վարել ակնոցների կամ կոնտակտային լինզաների միջոցով տեսողության շտկման պայմանով, եթե տեսողությունը հասցվում է սահմանված թույլատրելի մակարդակին։
Որոշ լսողական խնդիրների դեպքում ևս հնարավոր է տրանսպորտային միջոց վարել լսողական սարքի կամ խոսքի պրոցեսորի օգտագործմամբ, եթե դրանց միջոցով լսողությունը բարելավվում է մինչև սահմանված թույլատրելի մակարդակը։
Սահմանափակումները կարող են տարբեր լինել՝ կախված վարորդական իրավունքի կարգից
Առողջական վիճակին ներկայացվող պահանջները նույնը չեն բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Օրինակ՝ «A», «A1» և «B1» որոշ տրանսպորտային միջոցների դեպքում սահմանափակումներ են նախատեսվում տեսողության, տեսադաշտի, վերջույթների և մատների ֆունկցիայի, ինչպես նաև վեստիբուլյար համակարգի խանգարումների դեպքում։
«B» և «BE» կարգերի և «B1» ենթակարգի որոշ տրանսպորտային միջոցների դեպքում ևս նախատեսվում են սահմանափակումներ տեսողության, տեսադաշտի, վերին վերջույթների ֆունկցիայի, կենտրոնական նյարդային համակարգի որոշ ախտահարումների և վեստիբուլյար խանգարումների դեպքում։
«C», «CE», «D», «DE», «T» և համապատասխան ենթակարգերի տրանսպորտային միջոցների դեպքում բժշկական պահանջներն ավելի խիստ են։ Մասնավորապես, սահմանափակումներ կարող են կիրառվել տեսողության, մեկ աչքի կուրության, վերջույթների կամ մատների բացակայության, կենտրոնական նյարդային համակարգի որոշ ախտահարումների, լսողության, վեստիբուլյար համակարգի խանգարումների և այլ առողջական վիճակների դեպքում։ Այս խմբի համար սահմանափակում է նաև 150 սմ-ից ցածր հասակը։
Վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայության կամ շարժումների սահմանափակման դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոցի տեխնիկական համապատասխանությունը գնահատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ սահմանված ստանդարտի հիման վրա։
Սրտանոթային հիվանդությունների դեպքում
Սրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների դեպքում սահմանվում են հատուկ պայմաններ՝ կախված վարորդի խմբից։
Առաջին խմբի որոշ վարորդների դեպքում, օրինակ, սրտի ռիթմի խանգարումների առկայության դեպքում վարորդական իրավունքի վկայականը կարող է տրամադրվել առնվազն տարեկան մեկ անգամ բժշկական հավատարմագրում անցնելու պայմանով և միայն սրտի ռիթմի կարգավորման սարք կրելու դեպքում։
Զարկերակային ճնշման խանգարում ունեցող առաջին խմբի վարորդները պետք է առնվազն տարեկան մեկ անգամ բժշկական հետազոտություն անցնեն։ III աստիճանի զարկերակային հիպերտենզիայի կամ կրիզային ընթացքի դեպքում վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում։
Սրտամկանի ինֆարկտ տարած անձանց դեպքում ևս նախատեսված են բժշկական լրացուցիչ պահանջներ, իսկ որոշ ծանր վիճակների, այդ թվում՝ հանգստի ստենոկարդիայի, լարվածության ստենոկարդիայի ≥III ֆունկցիոնալ դասի կամ քրոնիկական սրտային անբավարարության ≥III ֆունկցիոնալ դասի դեպքում վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում։
Երկրորդ խմբի վարորդների համար նշված սրտանոթային հիվանդությունների դեպքում սահմանափակումներն ավելի խիստ են, և որոշ դեպքերում վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում։
Շաքարային դիաբետի դեպքում
Շաքարային դիաբետ ունենալը ինքնին չի նշանակում, որ անձը չի կարող վարել տրանսպորտային միջոց։
Ինսուլինապահանջ շաքարային դիաբետ ունեցող առաջին խմբի վարորդներին վարորդական իրավունքի վկայական կարող է տրամադրվել, եթե նրանք կարողանում են վերահսկել հիպոգլիկեմիայի հետ կապված ռիսկերը։ Այս դեպքում նախատեսվում է առնվազն հինգ տարին մեկ ներզատաբանի կողմից բժշկական քննություն։
Երկրորդ խմբի վարորդների դեպքում ևս հնարավոր է վարորդական իրավունքի վկայական ստանալ, եթե հիպոգլիկեմիայի հետ կապված ռիսկերը վերահսկվում են, վերջին 12 ամիսների ընթացքում ծանր հիպոգլիկեմիայի նոպաներ չեն եղել, անձը կանոնավոր կերպով վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը, գիտակցում է հիպոգլիկեմիայի ռիսկերը և չունի շաքարային դիաբետի որոշ ծանր բարդություններ։ Այս դեպքում ներզատաբանի բժշկական քննությունն իրականացվում է առնվազն երեք տարին մեկ։
Էպիլեպսիայի դեպքում
Էպիլեպսիայի դեպքում նույնպես հնարավոր է տրանսպորտային միջոց վարել՝ սահմանված պայմանների պահպանմամբ։
Առաջին խմբի վարորդները կարող են ճանաչվել պիտանի, եթե մեկ տարի չեն ունեցել էպիլեպտիկ նոպա։ Այս դեպքում վարորդական իրավունքի վկայականը տրամադրվում է 10 տարի ժամկետով՝ առաջին հինգ տարիների ընթացքում տարեկան մեկ անգամ նյարդաբանի բժշկական քննություն անցնելու պայմանով։
Երկրորդ խմբի վարորդների դեպքում պահանջվում է, որ առանց հակաէպիլեպտիկ դեղամիջոցի օգտագործման հինգ տարի էպիլեպտիկ նոպա չլինի, նյարդաբանական հետազոտությամբ ուղեղի հետ կապված էական պաթոլոգիաներ չհայտնաբերվեն, իսկ էլեկտրաէնցեֆալոգրամմայով էպիլեպտիֆորմ ակտիվություն չարձանագրվի։ Այս դեպքում ևս վարորդական իրավունքի վկայականը տրամադրվում է 10 տարի ժամկետով՝ տարեկան մեկ անգամ նյարդաբանի բժշկական քննության պայմանով։
Երիկամային անբավարարության դեպքում
Երիկամային անբավարարություն ունեցող առաջին և երկրորդ խմբի վարորդների կամ վարորդի թեկնածուների համար վարորդական իրավունքի վկայականը տրամադրվում է 10 տարի ժամկետով՝ տարեկան մեկ անգամ բժշկական քննություն անցնելու պայմանով։
Այսպիսով, առողջական խնդիր ունենալը ինքնին միշտ չէ, որ նշանակում է տրանսպորտային միջոց վարելու անհնարինություն։ Կախված առողջական վիճակից և տրանսպորտային միջոցի տեսակից՝ կարող են կիրառվել ամբողջական հակացուցումներ, հատուկ հարմարեցումների կամ բժշկական սարքերի օգտագործման պայմաններ, ինչպես նաև պարբերական բժշկական հետազոտության պահանջներ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Առողջական խնդիրների դեպքում տրանսպորտային միջոց վարելու համար գործող սահմանափակումների հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։