Սեպտեմբերի 4-6-ը Երևանում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը, որին կմասնակցեն գրողներ, հրատարակիչներ և գրական ոլորտի ներկայացուցիչներ նաև արտերկրից։
Փառատոնի շրջանակում նախատեսված են գրքի ցուցահանդես-տոնավաճառ, նոր հրատարակությունների շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանցի գրողների հետ, քննարկումներ, ներկայացումներ և պոետիկ ընթերցումներ։
Ծրագրում ներկայացված են մասնակիցներ Վրաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Սլովենիայից, Հունգարիայից, Իրանից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Նորվեգիայից, Բուլղարիայից և այլ երկրներից։
Փառատոնի հիմնական միջոցառումները կանցկացվեն Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, Գրականության և արվեստի թանգարանում և այլ հարթակներում։ Գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեք օրերին կգործի ժամը 11։00-21։00-ն։
Սեպտեմբերի 4-ին՝ փառատոնի բացման օրը, նախատեսված է Վլադիմիր Նաբոկովի «Բառը» պատմվածքի հիման վրա Համազգային թատրոնի «Է» ներկայացումը։ Նույն օրը կկայանա Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսը և հանդիպում հեղինակի հետ։ Ծրագրում ներառված են նաև Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստեր», Ջոն Բերջերի «Տեսնելու կերպերը» գրքերի հայերեն հրատարակությունների շնորհանդեսները։
Սեպտեմբերի 5-ին կներկայացվեն Ֆրենք Հերբերթի «Դյունի մեսիան» գրքի հայերեն հրատարակությունը և Ուիլյամ Սարոյանի «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» անտիպ պատմվածքների ժողովածուն։ Կանցկացվի նաև Book Talks բանախոսությունների շարքը՝ տարբեր երկրների մասնակիցների ներգրավմամբ, իսկ երեկոյան՝ «Պոետիկ փոթորիկը»։
Սեպտեմբերի 6-ի ծրագրում ընդգրկված են Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» գրքի շնորհանդեսը, բազմալեզու պոետիկ ընթերցումներ, գրական հանդիպումներ և քննարկումներ։ Փառատոնի երևանյան հատվածը կավարտվի փակման արարողությամբ և մրցանակաբաշխությամբ։
Փառատոնը կշարունակվի նաև Երևանից դուրս․ սեպտեմբերի 13-ին այն կանցկացվի Մեղրիում։ Ծրագրում նախատեսված են գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ստեղծագրության աշխատարան, գրական հանդիպումներ, ինտելեկտուալ խաղեր և պոետիկ ընթերցումներ։
