Հայտնի է դարձել, որ անցնող շաբաթվա սկզբին Մոսկվա կատարած գաղտնի այցի ժամանակ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռատկլիֆը առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու համար. հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Ջոն Ռեթքլիֆն առաջին անգամ անձամբ մասնակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական առաջխաղացմանը։ Աղբյուրի համաձայն՝ նրա այցի նպատակներից մեկն էր պարզել՝ արդյո՞ք Ռուսաստանի հետախուզության պաշտոնյաները կարող են համոզել Պուտինին քայլեր ձեռնարկել Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։
Ուրբաթ ամերիկացի պաշտոնյաները Վլադիմիր Զելենսկուն տեղեկացրել են Մոսկվայում Ռեդքլիֆի բանակցությունների և եռակողմ գագաթնաժողովի վերաբերյալ նրա առաջարկի մասին։
Թրամփի վարչակազմն այս գաղափարն առաջ էր քաշել նախկինում։ Զելենսկին համաձայնել էր առաջարկին, սակայն Պուտինը մերժել էր այն։
Հիշեցնենք, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ջոն Ռատկլիֆը հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ: « Նյու Յորք Թայմս»-ը հայտնել է, որ Ռատկլիֆը Բորտնիկովին ներկայացրել է պատերազմում ստեղծված իրավիճակի «հոռետեսական գնահատական» և կոչ է արել Ռուսաստանին համաձայնության գալ, քանի դեռ իրավիճակն էլ ավելի չի վատթարացել: