ԱՄՆ դեսպանատունը խորհուրդներ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների դիմորդների համար

Խորհուրդներ L-1A, L-1B և L-2 վիզաների համար դիմում ներկայացնելուց առաջ:

1. Միջնորդագրի ո՞ր տեսակն է ձեզ անհրաժեշտ՝ ընդհանրացվա՞ծ (blanket), թե՞ անհատական։

 Խոշոր ընկերությունները (1000-ից ավելի աշխատակից, 25 մլն և ավելի ԱՄՆ դոլարի չափով վաճառքների ծավալ կամ նախկինում ավելի քան 10 հաստատված L միջնորդագրեր) կարող են ներկայացնել ընդհանրացված (blanket) միջնորդագիր միայն ղեկավար կամ գործադիր պաշտոն զբաղեցնող և մասնագիտացված գիտելիքներ ունեցող աշխատողների համար, ովքեր տեղափոխվում են աշխատելու ԱՄՆ-ում հաստատված գրասենյակում։

 Մնացած բոլորը՝ ներառյալ նոր գրասենյակ տեղափոխվող աշխատողները, պետք է ունենան իրենց անունով ձևակերպված անհատական միջնորդագիր։

Ձեր գործատուի հետ ճշտեք, թե որ տեսակի միջնորդագիրն է անհրաժեշտ ձեր դեպքում, քանի որ դրանից կախված է պահանջվող փաստաթղթերի ցանկը։

2․ Պատրաստեք ձեր փաստաթղթերը

 Վիզայի դիմում եք ներկայացնում Հայաստանու՞մ։ Նախքան Երևանում ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի ներկայանալը ստուգեք պահանջվող փաստաթղթերի ճշգրիտ ցանկը։

 Փաստաթղթերի թարմացված և ամբողջական ցանկին, այդ թվում՝ DS-160 դիմումաձևի հաստատման էջ, հաստատված միջնորդագիր, անձնագիր և լուսանկար, և դրանց վերաբերող պահանջներին կարող եք ծանոթանալ 🔗 shorturl.at/9Ixtz հղումով։

3. Նշեք ձեր բոլոր սոցիալական ցանցերի օգտահաշիվները

 Ձեր DS-160 դիմումաձևում պետք է նշեք վերջին 5 տարիների ընթացքում սոցիալական ցանցերում ձեր կողմից օգտագործված բոլոր օգտանունները․ նույնիսկ մեկ օգտանուն չնշելը կարող է հանգեցնել ընթացիկ և հետագա վիզայի դիմումների մերժման:

4. Պատրաստվեք հարցազրույցին

 L վիզայի դիմորդները պետք է անձամբ ներկայանան հարցազրույցի։ Հարցազրույցի պահանջից ազատվելու (dropbox) գործընթացը այս վիզայի տեսակի համար այլևս չի գործում։

5. Ստուգեք անհրաժեշտ վճարները

 Լ վիզայի պահանջները կարող են տարբերվել այլ վիզաների պահանջներից և ենթակա են փոփոխման։ Նախքան դիմելը ստուգեք ձեր միջնորդագրի տեսակի (անհատական կամ ընդհանրացված) համար գործող վճարը։

6. Ընտրեք վիզայի ճիշտ տեսակը

 Դիմեք վիզայի այն տեսակի համար, որը համապատասխանում է ձեր ճամփորդության իրական նպատակին։ Մի դիմեք B տեսակի վիզայի համար, եթե ունեք հաստատված L միջնորդագիր, և մի շփոթեք L-1 վիզան (ընկերության ներսում աշխատողի տեղափոխում) H-1B վիզայի հետ (մասնագիտական զբաղվածություն), քանի որ դրանց համար գործում են որակավորման տարբեր չափորոշիչներ։

 Վիզայի տեսակի ոչ ճիշտ ընտրությունը կարող է երկարաձգել ձեր վիզայի դիմումի գործընթացը կամ բացասաբար ազդել դրա վրա։

 Նկատի ունեցեք, որ պահանջները ենթակա են փոփոխման։ Խորհուրդ է տրվում ստուգել պահանջները տեղական դեսպանատան հետ կամ 🔗 travel.State.gov կայքում նախքան դիմելը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Leave a Comment