Նիամեյում իրավիճակը ապստամբության փորձից հետո աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն, հաղորդում է Նիգերի մամուլի գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Նիամեյի միջազգային օդանավակայան տանող ճանապարհին երթևեկությունը կարգավորվել է։ Քաղաքում վերաբացվել են խանութները, առևտրի կենտրոններն ու բենզալցակայանները։ Օդանավակայանի հարակից տարածքում անվտանգության ուժերի ուժեղացված ներկայությունը պահպանվում է, շարունակվում են պարեկային ծառայությունները։
Միաժամանակ Agence France-Presse-ը՝ հղում անելով տարածաշրջանային անվտանգության ոլորտի աղբյուրին և աֆրիկացի դիվանագետի, հայտնում է, որ օրվա երկրորդ կեսին ապստամբները շարունակում էին վերահսկողության տակ պահել երկու զորանոց, որոնցից մեկը գտնվում է 101-րդ ռազմաօդային բազայում։ Նրանց թվաքանակն ու պահանջները դեռևս անհայտ են։ Բազա տանող ճանապարհները փակվել են։
Նշված միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը։ Նիգերցի զինծառայողների մի խումբ փորձել է 101-րդ ռազմաօդային բազայի զորանոցում պահել իր ծառայակիցներին և կրակ է բացել Նիամեյի մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ։
Նիգերի պաշտպանության նախարար Սալիֆու Մոդիի խոսքով՝ ուժային կառույցների արագ արձագանքը հնարավորություն է տվել մեկուսացնել ապստամբությունը և աստիճանաբար վերականգնել վերահսկողությունը օբյեկտների նկատմամբ։ Պաշտպանության նախարարությունը բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն։
Ավելի վաղ Նիգերում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Վորոպաևը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ 101-րդ բազայի հրամանատարությունը օգնության խնդրանքով դիմել է ՌԴ պաշտպանության նախարարության Աֆրիկյան կորպուսին։ Նրա խոսքով՝ ապստամբությանը մասնակցել են երիտասարդ սպաներ, որոնք ժամանել էին Տիլաբերի և Դոսո շրջաններից։
Դիվանագետի կարծիքով՝ ապստամբության փորձը կարող էր համակարգվել արտաքին ուժերի կողմից։ Միաժամանակ Վորոպաևը որևէ երկրի հասցեին ուղղակի մեղադրանք չի հնչեցրել, սակայն նշել է, որ Ֆրանսիան խիստ դժգոհ է Սահելի տարածաշրջանում ստեղծված իրավիճակից և այնտեղ իր դիրքերի կորստից։