ԱՄՆ-ն Իրանի հետ Հորմուզի շուրջ բանակցում է Օմանի միջոցով. Գանտահարյան

ԱՄՆ-ն Իրանի հետ Հորմուզի շուրջ բանակցում է Օմանի միջոցով. Գանտահարյան

«Radar Armenia»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ-Իրան հակամարտության այժմյան փուլը. Թրամփը սպառնացել է ոչնչացնել Հորմուզում նոր ականներ տեղադրող նավերը։ Նաև հաղորդվեց, որ Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի հարցում։

-Օման-Իրան բանակցությունները վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից։ Կարծում եմ՝ Օմանը յուրաքանչյուր կետ համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ։ Սրանք միջնորդավորված բանակցություններ են։ Առընթեր, ԱՄՆ-ն ճնշումները բարձրացնում է տնտեսական էությամբ։ Հանգուցակետը շարունակում է մնալ Հորմուզը։ Օմանը հանգրվանային քննարկում է Հորմուզի շուրջ համաձայնելի կետերը։ ԱՄՆ-ն ճնշում է, որ Իրանը գնա համաձայնության ԱՄՆ-ի ճշտած կանոններով՝ Օմանի հետ բանակցելով։ Այս հանգրվանին սա է իրավիճակի բանաձևը։

-Այս ընթացքում եղավ Իրանի ԱԳ նախարարի հոդվածը, որտեղ նա անդրադարձել էր Չինաստանի հետ հարաբերություններին՝ ընդգծելով, որ Չինաստանը տարբեր առիթներով իրավացիորեն նախազգուշացրել է «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգի մասին։ Սա ի՞նչ էր նշանակում։

-Ուղերձ է` ուղղված Պեկինին․ ճնշումների դիմաց Թեհրանն ակնկալում է այլընտրանքային առանցք ստեղծել․ իսկ դա անհնար է առանց Չինաստանի։ Չինաստանը չի ուզում ներգրավվել էսկալացիային․ տնտեսական իր առավելություններով փորձում է դերակատար լինել համաձայնության մեջ․ չմոռանանք, որ Հորմուզի ճանապարհով իրանական վառելիքի ամենամեծ գնորդն է։ Չինաստանը խորապես գիտակցում է, որ ԱՄՆ-ն ուզում է սահմանափակել կամ վերահսկել այդ վաճառքները։

-Չինաստանի մասին խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ նշելով, որ այդ երկիրը պետք է արձագանքի։ Սա ի՞նչ էր նշանակում, ի՞նչ արձագանքի են սպասում։

-Ուկրաինայի ակնկալած արձագանքը Չինաստանից ենթադրում է ճնշում Մոսկվայի վրա։ Ճնշումը տնտեսական է լինելու՝ նկատի ունենալով Չինաստանի ազդեցության ծավալման հիմնական ուղղությունը։ Ճնշում, որ Մոսկվան գնա հրադադարի։

-Որոշակի ակտիվություն եղավ նաև Ուկրաինայի հարցում․ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ռեդկլիֆը մեկնել էր Մոսկվա․ ինչպե՞ս եք մեկնաբանում այս ուղղությամբ իրավիճակը, մանավանդ որ Թրամփն ասել էր, թե հուսով է՝ այդ այցից ինչ-որ բան կստացվի։

-«Ինչ-որ բան»-ը շատ առաձգական է և չի ենթադրում որևէ բեկումնային պահ՝ հրադադարի համաձայնության կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի։ Ավելի շատ սա կապ ունի եռակողմ՝ ԱՄՆ-Ուկրաինա-Մոսկվա բանակցային ձևաչափի հետ։ Իրավիճակի կտրուկ փոփոխություն չի լինի, կարծում եմ, որովհետև իրադրությունները փոխկապակցված են Իրանի հետ արձանագրվող գործընթացներին։

-Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել այս ուղղությամբ։

-ԱՄՆ-ի կողմից ճնշումների սաստկացում Իրանի դեմ, բայց ոչ՝ վերադարձ պատերազմի։ Իսկ Մոսկվա-Կիև գծի վրա՝ մաշեցնող պատերազմի շարունակություն, ոճային վայրիվերումներով։ Օման-Իրան բանակցությունների շարունակություն և ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ ձևաչափով խոսակցությունների մեկնարկի հավանականություն։

Արման Գալոյան

Leave a Comment