Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծ։ Ըստ նախագծի Ֆեռոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը նախատեսում է արտահանողներին փոխհատուցել դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանման դեպքում վճարվելիք մաքսատուրքի հաշվարկված գումարի 50%-ը։
Սույն որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) միջոցով ֆեռոմոլիբդենի արտադրության զարգացումը և արտահանումը խթանելու, արտահանման խնդիրների լուծմանը նպաստելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ ներմուծող երկրում վճարվող մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։
Որոշման իրագործման ընթացքում պարզ է դարձել ծրագրի շրջանակներում ներկայացվող հայտին կից ներմուծող և արտահանող կողմերի միջև կնքված արտահանման մասին պայմանագրի ներկայացման պարտադիր պահանջի ոչ նպատակահարմարությունը։ Ուստի Նախագծով նախատեսվում է հանել տվյալ փաստաթղթի պարտադիր ներկայացման պահանջը, և փաստաթղթի ներկայացումը թողնել այն դեպքերի համար, երբ ներմուծող և արտահանող կողմերի միջև կատարված գործարքի նույնականացումն անհնար է առանց պայմանագրի։
Որոշմամբ, որպես փոխհատուցման ենթակա ապրանքներ, դիտարկվում են մշակող արդյունաբերության հիմնական արտադրանքները՝ բացառությամբ հիմնականում մետաղների արտադրության ոլորտի արտադրանքի (որոշ բացառություններով)։ Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ կարևոր դեր ունի ֆեռոմոլիբդենի արտադրությունը և արտահանումը։ Ֆեռոմոլիբդենի արտահանումը դեպի Եվրոպական միության շուկա ենթակա է ներմուծման մաքսատուրքերի վճարման, ինչը նվազեցնում է հայկական արտադրանքի մրցունակությունը և բացասաբար է անդրադառնում արտադրության ու արտահանման ծավալների վրա։
Ֆեռոմոլիբդենը հանդիսանալով ոչ թե վերջնական արտադրանք, այլ՝ կիսապատրաստուկ, ֆեռոմոլիբդենի դեպքում օժանդակության գումարը նախատեսվում է տրամադրել ոչ թե վճարված ամբողջ մաքսատուրքի գումարի չափով, այլ՝ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի 50 %-ի չափով։ Վերջինս կխթանի ֆեռոմոլիբդենի արտադրությանը և արտահանմանը՝ միաժամանակ, լրացուցիչ խթան ստեղծելով վերջնական վերամշակված, ավելի բարձր արժեք ունեցող ապրանքի արտադրության և արտահանման համար։