Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների ներմուծման սահմանափակումները որպես «պատժամիջոցներ» ներկայացնելը չի համապատասխանում իրականությանը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և լրատվամիջոցներ այդ սահմանափակումները ներկայացնում են որպես Ռուսաստանի կողմից կիրառվող «պատժամիջոցներ», մինչդեռ Մոսկվայի դիրքորոշմամբ՝ դրանք կապված են բուսասանիտարական վերահսկողության պահանջների հետ։
Գալուզինը նշել է, որ ռուսական կողմը մշտապես ուշադրություն է դարձրել բուսասանիտարական վերահսկողությանը։ Նրա խոսքով՝ պահանջները ներառում են հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը և մատակարարումների հետագծելիության ապահովումը։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն ավելի վաղ ընդունել է որոշ ապրանքների որակի հետ կապված խնդիրների առկայությունը։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։ Ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը սահմանափակումները պայմանավորել էր արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ։
