Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ նավերի վրա հարվածներից հետո

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալին՝ կապված Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի կողմից երկու թուրքական նավերի վրա հարվածների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։

«Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ օգոստոսի 26-ին Տուապսեի մոտակայքում թուրքական Lider Bordo Mavi նավի վրա հարվածներից և օգոստոսի 27-ին Lider Kocatepe նավի վրա հարվածներից հետո, որը ուղարկվել էր օգնելու համար։ Դեսպանը տեղեկացվել է այդ հարձակումներին մեր երկրի արձագանքի մասին և զգուշացվել է Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին», – հայտնել է աղբյուրը։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են թուրքական Lider Bordo Mavi բեռնատար լաստանավի վրա Ռուսաստանի Տուապսե նավահանգստում, որի հետևանքով վիրավորվել են անձնակազմի հինգ անդամներ, հայտարարել է Թուրքիայի Տրապիզոնի նահանգի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրքութ Չելեբին։

Leave a Comment