Իրանը կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել տնտեսական խնդիրները լուծելու համար

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի հետ պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար, փոխանցում է Reuters-ը։

«Անհրաժեշտ է լուրջ մոտեցում ցուցաբերել տնտեսական մի շարք խնդիրների և ապրուստի միջոցների վրա ազդող հարցերի լուծմանը, ինչպիսիք են գնաճը, գործազրկությունը, գների կարգավորումը, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների շուկան»,- հայտարարել է Խամենեին։

Չնայած տնտեսական խնդիրներին՝ Թեհրանը հայտարարել է, որ շարունակելու է հակազդել ԱՄՆ-ի ճնշմանը, դիվանագիտական բանակցություններ վարել և պահպանել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Հուլիսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն խստացրել էր Իրանի նավագնացության և ֆինանսական ցանցերի նկատմամբ պատժամիջոցները՝ կողմերի միջև ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին։ Reuters-ի տվյալներով՝ պատերազմի և պատժամիջոցների հետևանքները խորացրել են Իրանի տնտեսական խնդիրները, և հուլիսին երկրում գնաճը հասել է 66%-ի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ «ամենակործանարար տնտեսական գործողության» մեկնարկի մասին՝ սպառնալով տնտեսական հետևանքներով այն երկրների համար, որոնք օգնություն կտրամադրեն Թեհրանին։

ԱՄՆ-ն նաև նոր պատժամիջոցներ էր սահմանել Իրանի հետ կապված ֆինանսական կառույցների նկատմամբ։ Մասնավորապես, սահմանափակումների տակ էր հայտնվել եգիպտական Banque Misr բանկը՝ Թեհրանի հետ գործարար կապերի համար, ինչպես նաև Հոնկոնգում գործող կազմակերպություն և իրանական Bank Melli-ի հետ կապված անձ։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Հունիսի 18-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ դադարեցրել է իրանական նավահանգիստներ մտնող և դրանցից դուրս եկող ծովային երթևեկության սահմանափակումները։ Ամերիկյան ռազմանավերը, սակայն, մնացել էին տարածաշրջանում՝ կողմերի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար։

Օգոստոսին Վաշինգտոնը ընդլայնել էր Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցները՝ սահմանափակումների հնարավոր թիրախների թվում ներառելով թվային ակտիվների, տեխնոլոգիաների, ոսկու, ավիացիայի և նավագնացության ոլորտները։ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում էր ավելացրել նաև 48 կազմակերպություն, 24 ֆիզիկական անձ և 6 նավթատար՝ զգուշացնելով Իրանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրներին ու ընկերություններին հնարավոր հետևանքների մասին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի արտաքին առևտուրը կրճատվել է ամերիկյան պատժամիջոցների և իրանական նավահանգիստների ծովային շրջափակման հետևանքով։

Leave a Comment