
Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած տնտեսական պատերազմին մասնակցելուց։ Նման կոչով հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները Իրանի դեմ, անկախ դրանց անվանումից և ձևից, բացարձակապես անօրինական և անհիմն միջոցներ են, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները։ Ելնելով դրանից՝ բոլոր երկրները պարտավոր են ձեռնպահ մնալ նման պատժամիջոցները պահպանելուց և կատարելուց։ Բացի այդ, բոլոր պետությունները պարտավոր են չճանաչել և չաջակցել այս անօրինական գործողություններից բխող իրավիճակներին կամ հետևանքներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ում կարծում են, որ այլ երկրների մասնակցությունը ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական պատերազմին հավասարազոր կլինի «մի պետության կամքի ապօրինի պարտադրմանը անկախ պետություններին», ինչը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։