Իսլանդիայում ընթանում է Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե, որի ելքը դեռևս անորոշ է, իսկ քվեարկության արդյունքների վրա վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ ձկնարդյունաբերության ոլորտը։ Այս քվեարկությամբ երկրի քաղաքացիները որոշում են՝ արդյոք արժե վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, որոնք սառեցվել էին 13 տարի առաջ։
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը կիսվել է գրեթե հավասար երկու մասի, ինչն էլ քվեարկության ելքը դարձնում է լիովին անկանխատեսելի։
Ձկնորսությունը և ծովամթերքի արտադրությունն իսլանդական տնտեսության հիմքն են՝ ապահովելով երկրի արտահանման շուրջ 40 տոկոսը և ՀՆԱ-ի 8 տոկոսը։ Միությանն անդամակցելու հակառակորդները, որոնց թվում են ձկնարդյունաբերության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը, մտահոգված են ԵՄ-ի ընդհանուր ձկնորսական քաղաքականությամբ։
Նրանք վախենում են, որ ստիպված կլինեն սեփական հարուստ ջրերը կիսել եվրոպական այլ երկրների խոշոր նավատորմերի հետ, իսկ Բրյուսելը կսկսի թելադրել որսի չափաբաժինները։ Իսլանդացիների համար սեփական ջրերի նկատմամբ վերահսկողությունը մեծ նշանակություն ունի և ասոցացվում է ազգային անկախության ու պատմական հաղթանակների հետ։
Մյուս կողմից, անդամակցության կողմնակիցները՝ վարչապետ Կրիստրուն Ֆրոստադոտիրի գլխավորած ձախ կենտրոնամետ կոալիցիոն կառավարության առաջնորդությամբ, շեշտում են տնտեսական օգուտները։
Իսլանդիան այժմ բախվել է բարձր գնաճի խնդրի հետ, և եվրոյի անցումն ու եվրաինտեգրումը դիտարկվում են որպես կյանքի թանկացումը զսպելու միջոց։ Բացի այդ, Արկտիկայում տիրող աշխարհաքաղաքական անկայունությունը և անվտանգային նոր մարտահրավերները Ռեյկյավիկին ստիպում են լրացուցիչ քաղաքական հենարան փնտրել Բրյուսելում։
Եթե հանրաքվեի արդյունքում հաղթի «ոչ» տարբերակը, հարցը կփակվի, և Իսլանդիան կշարունակի համագործակցությունը Եվրոպական տնտեսական գոտու շրջանակներում։
«Այո»-ի հաղթանակի դեպքում կմեկնարկի բանակցային երկարատև գործընթաց, թեև իսլանդացի դիվանագետներն ակնկալում են արագ առաջընթաց, քանի որ բանակցային բազմաթիվ փուլեր նախկինում արդեն համաձայնեցվել են։
Այնուամենայնիվ, իշխանություններն ընդգծում են, որ եթե Բրյուսելը ձկնորսության հարցում Իսլանդիային բացառիկ արտոնություններ չտա, երկիրը դուրս կգա բանակցություններից, իսկ վերջնական որոշումը ցանկացած դեպքում կայացվելու է երկրորդ՝ ամփոփիչ հանրաքվեով։