Նեպալում կրկնակի ավերիչ հեղեղման վտանգ կա, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով՝ Planet ընկերության՝ օգոստոսի 28-ի՝ ժամը 04:57 UTC-ին ստացված արբանյակային տվյալները հաստատում են խոշոր փլուզման և սելավային զանգվածների հետևանքով առաջացած լայնածավալ բնական պատվարների և դրանց վերևում ջրի կուտակումների ձևավորումը։
«Արբանյակային նկարահանման պահին փլուզված զանգվածների և դրանց հետևանքով ջրածածկված տարածքների մակերեսները կազմել են․ անմիջապես փլուզման վայրից ներքև՝ մոտ 200 000 մ², գետերի միախառնման հատվածում՝ մոտ 88 000 մ²»,- գրել է նա։
Ազիզյանի խոսքով՝ քանի որ արբանյակային պատկերներն արտացոլում են օգոստոսի 28-ի առավոտյան իրավիճակը, իսկ տարածաշրջանում տեղումները շարունակվում են, մեծ հավանականությամբ այդ ժամանակից ի վեր ապարներից, սառույցից և ցեխից կազմված բնական պատվարների հետևում կուտակված ջրի ծավալն զգալիորեն ավելացել է։
«Այս անկայուն բնական պատվարների հանկարծակի ճեղքման կամ փլուզման դեպքում առկա է հովտով դեպի ներքև կրկնակի ավերիչ հեղեղի և հզոր սելավային հոսքի առաջացման լուրջ վտանգ»,- պարզաբանել է նա։
Օգոստոսի 26-ին սկսված աղետի հետևանքով Նեպալ-Տիբեթ սահմանային շրջանում ավերվել էին բնակավայրեր, ճանապարհներ, կամուրջներ և հիդրոէներգետիկ օբյեկտներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
