Իրանը փորձում է զարգացնել արտաքին առևտրի հյուսիսային ուղղությունը և մեծացնել Կասպից ծովի նավահանգիստների դերը՝ ներմուծման ու արտահանման ծավալների գրեթե 35% անկման ֆոնին, հայտնում է Reuters-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի արտաքին առևտուրը կրճատվել է ամերիկյան պատժամիջոցների և իրանական նավահանգիստների ծովային շրջափակման հետևանքով։
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը հունիսին ԱՄՆ-ի հետ կարճատև պայմանավորվածության ընթացքում կարողացել էր արտահանել շուրջ 90 միլիոն բարել նավթ։ Այդ ժամանակ Վաշինգտոնը ժամանակավորապես թույլատրել էր իրանական նավթի վաճառքը։
Reuters-ի տվյալներով՝ պատերազմի վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ և սպառնացել պատժամիջոցներ կիրառել այն երկրների ու ֆինանսական կառույցների նկատմամբ, որոնք կշարունակեն Իրանի հետ առևտրային հարաբերությունները։
Այս պայմաններում Իրանը փորձում է արտաքին առևտրի մի մասը տեղափոխել դեպի երկրի հյուսիս և Կասպից ծով։ «Անզալի» ազատ տնտեսական գոտու ղեկավար Մոստաֆա Թաաթի Մողադամը հայտարարել է, որ Կասպյան նավահանգիստը կարող է թեթևացնել երկրի հարավային նավահանգիստների վրա գործադրվող ճնշումը և նպաստել առաջին անհրաժեշտության ապրանքների անխափան մատակարարմանը։
Նրա տվյալներով՝ Կասպյան նավահանգստում բեռնման և բեռնաթափման ծավալը մեկ տարում աճել է 58%-ով՝ 760 000 տոննայից հասնելով 1,2 միլիոն տոննայի։ Ընթացիկ իրանական տարվա սկզբից նավահանգստով երկիր է ներմուծվել շուրջ 110 000 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք։
Մողադամը նշել է, որ Կասպյան նավահանգիստը չի կարող ամբողջությամբ փոխարինել Իրանի հարավային նավահանգիստներին, սակայն կարող է դառնալ լրացուցիչ երթուղի՝ Կասպից ծովի երկրների և Ռուսաստանի հետ առևտրի համար։ Նավահանգիստը միացված է Իրանի երկաթուղային ցանցին և ներառված է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Հունիսի 18-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ դադարեցրել է իրանական նավահանգիստներ մտնող և դրանցից դուրս եկող ծովային երթևեկության սահմանափակումները։ Ամերիկյան ռազմանավերը, սակայն, մնացել էին տարածաշրջանում՝ կողմերի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար։
Օգոստոսին Վաշինգտոնը ընդլայնել էր Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցները՝ սահմանափակումների հնարավոր թիրախների թվում ներառելով թվային ակտիվների, տեխնոլոգիաների, ոսկու, ավիացիայի և նավագնացության ոլորտները։ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում էր ավելացրել նաև 48 կազմակերպություն, 24 ֆիզիկական անձ և 6 նավթատար՝ զգուշացնելով Իրանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրներին ու ընկերություններին հնարավոր հետևանքների մասին։
