Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռոստովի մարզում գտնվող Ozon-ի և DNS-ի պահեստներին. կան տուժածներ

Օգոստոսի 29-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռոստովի մարզում գտնվող Ozon-ի պահեստին: Ընկերությունից հայտնել են, որ բոլոր աշխատակիցները նախապես տարհանվել են, և, նախնական տվյալներով, տուժածներ չկան:

Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որն անմիջապես մարվել է, սակայն համալիրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ozon-ը դադարեցրել է նաև նույն շրջանում գտնվող իր երկրորդ լոգիստիկ կենտրոնի աշխատանքը և տարհանել այնտեղի անձնակազմը, թեև այդ օբյեկտը չի տուժել:

Ուկրաինական տելեգրամյան ալիքների և Astra պարբերականի տվյալներով՝ հարվածների տակ են հայտնվել նաև DNS էլեկտրոնիկայի խանութների ցանցի երկու պահեստները, որոնցից մեկում՝ Ակսայ քաղաքում, հրդեհ է բռնկվել:

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի տեղեկացմամբ՝ գիշերային հարձակման հետևանքով տուժել է յոթ մարդ: Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու պատճառով վնասվել է երկու բազմաբնակարան շենք: Եվս երեք մարդ բժշկական օգնության է դիմել Ակսայի շրջանում, որտեղ անօդաչուների բեկորներ են հայտնաբերվել պահեստային տարածքներում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցներով ընդհանուր առմամբ խոցվել է 313 ուկրաինական դրոն՝ Ռուսաստանի տարբեր մարզերում, Ղրիմում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային ավազանի տարածքներում:

Leave a Comment