65 միլիարդ բարել նավթ. Թրամփի նոր գործարքը — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ «պատմական» և համաշխարհային պատմության մեջ խոշորագույն նավթային գործարքի կնքման մասին, որով ամերիկյան կողմի վերահսկողությանն է անցնում ավելի քան 65 միլիարդ բարել նավթի պաշար։

Համաձայնության շրջանակներում ստեղծվում է համատեղ ձեռնարկություն, որտեղ Միացյալ Նահանգների կառավարությունը ստանում է 55% արդյունավետ բաժնեմաս՝ ներառյալ նավթը ինքնարժեքով գնելու իրավունք։

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը նոր կոնսորցիումին թույլատրել է 100 տարի շարունակ արդյունահանել 17 կարևոր հանքավայրերի նավթը։ Այս գործարքի շնորհիվ մասնավոր ներդրողները մոտ 100 միլիարդ դոլար կներդնեն Վենեսուելայի հնացած ենթակառուցվածքները նորոգելու համար, իսկ երկրի բյուջեն հարկերից կստանա ավելի քան 209 միլիարդ դոլարի եկամուտ։

Արտաքին գործերի նախարար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից նախապատրաստված այս համաձայնագիրը, ըստ Սպիտակ տան, նպատակ ունի կրկնապատկել ԱՄՆ նավթային պաշարները և նվազեցնել բենզինի գները, որոնք ԱՄՆ-ում աճել են Իրանի հետ հակամարտության ֆոնին։

Այս քայլը հնարավոր է դարձել Վենեսուելայում քաղաքական կտրուկ փոփոխություններից հետո, երբ ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվեց Նիկոլաս Մադուրոն, իսկ երկրի նոր ժամանակավոր իշխանությունները փոխեցին օրենսդրությունը՝ օտարերկրյա կապիտալի մուտքը հեշտացնելու համար։ Միևնույն ժամանակ, վենեսուելական ընդդիմությունն ու մի շարք քննադատներ արդեն հասցրել են այս գործարքը որակել որպես ազգային ռեսուրսների և հողերի «զավթում»։

Leave a Comment