Իրանը կոչ է արել մոբիլիզացնել ներքին ուժերը՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմի ֆոնին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի բնակչությանը կոչ է արել մոբիլիզացնել ներքին ռեսուրսները՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմի հետևանքները մեղմելու համար։

«Այս բոլոր հարցերի լուծման գլխավոր բանալին հնարավորինս մեծ չափով հայրենական արտադրության վրա հենվելն է։ … Մեր երդվյալ թշնամին փորձում է ներշնչել, թե բարեկեցության և առաջընթացի ճանապարհն անցնում է իրեն և իր ապօրինի պահանջներին ենթարկվելու միջոցով, մինչդեռ, եթե նայենք, թե նա ինչ է արել այս երկրի և դրա ռեսուրսների հետ անցյալ ժամանակաշրջաններում, նույնիսկ Իսլամական հեղափոխությունից առաջ, կտեսնենք հակառակը»,- ժողովրդին ուղղված ուղերձում ընդգծել է Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդը երկրի բոլոր բնակիչներին կոչ է արել միավորվել արտաքին սպառնալիքների դեմ և նշել, որ անհրաժեշտ է կանխել հասարակության մեջ պառակտմանը նպաստող ցանկացած գործողություն կամ հայտարարություն։

«Երկրի հիմնարար հարցերից մեկը, որը մշտապես պետք է լինի կառավարության, պետական ծառայողների, բոլոր պաշտոնատար անձանց և իշխանության մարմինների ուշադրության կենտրոնում, միասնության պահպանումն է»,- նշել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ մասշտաբների «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին։ Ամերիկացի առաջնորդը նաև նախազգուշացրել էր, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, ԱՄՆ-ի կողմից կբախվեն լուրջ տնտեսական հետևանքների։

Leave a Comment