Լեհաստանի դեսպանը Բաքվի քննադատության վերաբերյալ հեռուստառեպորտաժի պատճառով կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել TVP World հեռուստաալիքով Ադրբեջանի վերաբերյալ ցուցադրված քննադատական ռեպորտաժի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Խոսքը օգոստոսի 26-ին լեհական անգլալեզու հանրային TVP World հեռուստաալիքով հեռարձակված Eastern Express հաղորդման մասին է։ Հեռարձակողի՝ X-ում կատարած գրառման համաձայն՝ հաղորդման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ հիշատակվել են առանձին լրագրողների ձերբակալությունները, ինչպես նաև խոսվել է ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ հետապնդումների մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ լեհական հեռուստաալիքի հաղորդումը պարունակել է «ադրբեջանական պետության և երկրի ղեկավարության դեմ ուղղված կողմնակալ, ոչ օբյեկտիվ և լիովին անընդունելի պնդումներ»։ Ուշադրություն է հրավիրվել նաև հաղորդավարի սադրիչ վարքագծի վրա։

Ադրբեջանի ԱԳՆ-ում Լեհաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող TVP հեռուստաալիքով Ադրբեջանի վերաբերյալ բացասական նյութերի տարածումը գնահատել են որպես «երկու երկրների միջև գործընկերության ոգուն հակասող և երկկողմ հարաբերություններին լուրջ վնաս հասցնելու ունակ ոչ բարեկամական քայլ»։

«Լեհական կողմին կոչ է արվել անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ նման սադրիչ արշավները դադարեցնելու համար»,- ընդգծվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Leave a Comment