ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես մտահոգված է ուկրաինական հակամարտության շարունակվող սրացմամբ, այդ թվում՝ դրա տարածմամբ Ռուսաստանի Դաշնության տարածք։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը շարունակում է խորապես մտահոգված լինել այս հակամարտության շարունակվող սրացմամբ, այդ թվում՝ դրա տարածմամբ բուն Ռուսաստանի Դաշնության տարածք»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ Գուտերեշը կրկին կոչ է անում անհապաղ լիցքաթափման, որը պետք է հանգեցնի լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «պաշտպանում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և կազմակերպության համապատասխան բանաձևերին համապատասխան արդար, կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը»։