Զախարովան արձագանքել է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությանը – armeniatoday.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունների չկատարման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ավելի վաղ Փաշինյանը, մեկնաբանելով ՀՀ կառավարության ծրագրում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի վերաբերյալ ձևակերպման բացակայությունը, վերահաստատել էր, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն կատարել իրենց անվտանգային պարտավորությունները 2022 թվականի սեպտեմբերին։

Զախարովան հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրումից հետո Ռուսաստանը օգնություն է ցուցաբերել խաղաղ կարգավորման հասնելու համար, և ՀԱՊԿ-ն արագ արձագանքել է Երևանի խնդրանքին՝ առաքելություն ուղարկելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու համար։

«Դուք ոչինչ չեք արել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով», – դիմելով ՀՀ վարչապետին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչև։ Նա նաև նշել է, որ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո որոշում է կայացվել ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստան, որը ՀՀ վարչապետը հրաժարվել է ստորագրել։

Զախարովայի խոսքով՝ որոշմամբ կոչ է արվել «անհապաղ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցառումներ ձեռնարկել՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել, օգնել սահմանապահ զորքերին մարզման և տեխնիկական սարքավորումներով հագեցնելու հարցում, ինչպես նաև մշակել ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի արագ տեղակայման ծրագիր Հայաստանի տարածքում»։

Զախարովայի խոսքով, ի տարբերություն եվրոպացի դիտորդների, ՀԱՊԿ առաքելությունը լիազորված կլինի ոչ միայն «դիտել հեռադիտակով», այլև «ուղղակիորեն զեկուցել սահմանին տիրող իրավիճակի մասին և առաջարկել միջոցներ հնարավոր ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վերահաստատել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ վերոնշյալ սահմանային միջադեպերից հետո, Հայաստանի վարչապետը, «ԵՄ-ի հսկողության ներքո, ակնհայտորեն վստահելով Բրյուսելին և Փարիզին», ստորագրել է Պրահայի հռչակագիրը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Leave a Comment