Վուչիչ․ Հաագայի դատարանը Արևմուտքի դիրքորոշման պատճառով կազատի Կոսովոյի նախկին ղեկավար Թաչիին

Հաագայի դատարանը չճանաչված հանրապետության նախկին նախագահ և Կոսովոյի ազատագրության բանակի (ԿԱԲ) դաշտային հրամանատար Հաշիմ Թաչիին արևմտյան երկրների հակասերբական դիրքորոշման պատճառով կազատի՝ հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Որքան ինձ հայտնի է, Թաչիի գործով դատավճռի հրապարակումը նշանակված է սեպտեմբերի 16-ին, և դրանում հաշվի կառնվի նրա բանտում անցկացրած ժամանակը, ու փաստացի Թաչին ազատ կարձակվի։ Արևմուտքը ցանկանում է մեզ ներշնչել, թե ամեն ինչում սերբերն են մեղավոր»,- լրագրողներին ասել է Վուչիչը՝ Օսեչինայի մունիցիպալիտետ կատարած այցի ընթացքում։

Կոսովոյի հարցերով Հաագայի հատուկ դատարանը նախկինում մերժել էր ռազմական հանցագործությունների մեջ կասկածվող Թաչիին 50 հազար եվրո գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Թաչիի և ԿԱԲ-ի այլ հրամանատարների դեմ մեղադրական եզրակացությունը ներառում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վեց դրվագ, այդ թվում՝ հետապնդում, ապօրինի ազատազրկում, խոշտանգում և սպանություն, ինչպես նաև ռազմական հանցագործությունների չորս դրվագ, այդ թվում՝ ապօրինի ձերբակալություններ և գերիների նկատմամբ դաժան վերաբերմունք։

Թաչիի գործով դատական նիստերը սկսվել են 2025 թվականի սեպտեմբերի 15-ին։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 140 տուժող է մասնակցել գործընթացին։ Կոսովոյի հարցերով հատուկ դատարանի դատախազությունից պահանջվել է շուրջ երկու տարի՝ ապացույցների ամբողջ ծավալը ներկայացնելու համար։ Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 16-ին։

Leave a Comment